1632 դիտում
10:29 12-03-2014
Արմեն Աշոտյանն ու Սեյրան Օհանյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ՀՀ կրթությոն և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է միջբուհական լայն համագործակցություն քաղաքացիական և ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև: ՀՀ պաշտպանության նախարարությունում այդ առիթով հրավիրվել է համատեղ խորհրդակցություն, որին մասնակցել են պետական բուհերի ռեկտորներ, ԿԳՆ և ռազմական բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում ընդգծել է, որ պաշտպանության և կրթության նախարարությունների միջև համագործակցության մեծ փորձ է կուտակվել, միաժամանակ քաղաքացիական կրթության ոլորտում ձեռքբերված արդյունքները ռազմական կրթության և զինված ուժերի ոլորտում կիրառելու նոր հնարավորություններ են ստեղծում: «Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները վերջին տարիներին՝ Բոլոնիայի գործընթացի անդամակցությամբ պայմանավորված առաջընթաց և ձեռբերումներ են գրանցել՝ միջազգային կրթական ծրագրերում ներգրավվելու շնորհիվ: Քաղաքացիական համակարգում գործող պետական բուհերը պատրաստ են լայն համագործակցության զինված ուժերի հետ՝ մասնավորապես իրենց գիտելիքները, մասնագիտական հմտություններն ու գիտական պոտենցիալը փոխանցելու բանակին և ծառայեցնելու մեր երկրի հզորությանն ու անվտանգությանը:
Հուշագիրը թույլ կտա միասնական կրթական համակարգ ձևավորելու քաղաքականությունը դարձնել շարունակական՝ ներառելով նաև ռազմական կրթության ոլորտը: Պետության համար գերակա խնդիր է պրոֆեսիոնալ և բանիմաց կադրերի պատրաստումը, ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կրթության ոլորտում: Համագործակցության հուշագիրը նպատակ ունի ռազմական և քաղաքացիական կրթության համակարգի համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնել»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ համագործակցությունը նախ շահեկան է լինելու ռազմական կրթական հաստատություններում սովորող կուրսանտների համար, ովքեր հնարավորություն կստանան ուսումնական ծրագրով նախատեսված որոշ դասընթացներ ստանալ քաղաքացիական բուհերում՝ տեղացի և օտարերկրյա լավագույն մասնագետների ներգրավմամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում հատուկ շեշտել է, որ բանիմաց և բարձր որակավորում ունեցող մասնագիտական ներուժը բանակի համար կարևոր խնդիր է. ՙԲանակն ու զինված ուժերը միշտ էլ օգտվել են կրթական համակարգի մասնագիտական ներուժից: Ռազմակրթական համակարգը նույնպես վերջին տարիներին կայացման և փոփոխությունների կարևոր փուլ է անցել: Միջազգային ռազմական համագործակցության ընթացում մենք միշտ կարողացել ենք մրցունակ լինել՝ ապահովելով օրինակելի ցուցանիշներ: Մեր հաջողությունները պայմանավորված են եղել նաև քաղաքացիական բուհերի հետ արդյունավետ համագործակցությամբ, սակայն այսօր առաջ է եկել այդ համագործակցությանը նոր որակ և ընթացք տալու անհրաժեշտություն՚,- նշել է Սեյրան Օհանյանը:
Խորհրդակցության ներկա բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց առաջարկները՝ պաշտպանության ոլորտի հետ համատեղ կրթական ծրագեր իրականացնելու վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել է Երևանի պետական բժշկական համալսարանում գործող ռազմական բժշկության ֆակուլտետի գործունեությունը, նշվել է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը կարող է աջակցել զինված ուժերի համակարգին՝ պատրաստելով ռազմական թարգմանիչներ:
Նմանատիպ նյութեր
1461 դիտում
14:29 09-09-2014
ՊՆ-ն, ԿԳՆ-ն և «Երկրապահ» միավորումը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
1213 դիտում
09:21 10-09-2014
Իրանը և Ռուսաստանը համագործակցության փոխըմբռնման 4 հուշագիր են ստորագրել
Այս բաժնից
661 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
589 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ