211652_close_icon
views-count22763 դիտում article-date 13:16 23-01-2017

Երևանի քաղաքապետարանի նվերը թաղային հեղինակություններին և քահանաներին

«Ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, կամ առանց թույլտվության, կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը»:- Սա մեջբերում է ՀՀ Քաղաքացիական [url=http://www.arlis.am/documentview.aspx?docid=80061]օրենսգրքից[/url]: Ինքնակամ, ասել է թե՝ ապօրինի, կառույցների վերաբերյալ օրենսդրական, ենթաօրենսդրական և վարչական ռեսուրսներն ավելի քան հագեցած են: Գործնականում, գրեթե անհնար է ինքնակամ շինություն կառուցել: Բանն այն է, որ միայն շինանյութի առկայությունն ինչ-որ տեսանելի տարածքում առիթ կհանդիսանա համապատասխան վարչական մարմիններին՝ կամ վարչարարական գործունեություն իրականացնելու, կամ էլ գոնե այդ գործունեության պատկերը ստեղծելու համար: Խնդիրն ավելի պարզ ներկայացնելու համար նշեմ, որ քաղաքացուն ինքնակամ շինություն կառուցելու ճանապարհին խոչնդոտելու է իրավապահ, տեղական ինքնակառավարման և պետական վարչական համակարգը: Այդ իմաստով, քաղաքացին պետք է «շփվի» թաղային ոստիկանի, համայնքի և մարզի ներկայացուցչի, նույն համայնքի և մարզի՝ ապօրինի կառույցների հայտնաբերման և քանդման բաժնի աշխատակիցների և վերջապես պետության քաղաքաշինության պատասխանատուների հետ: Այդքան մարդկանց հետ «շփվելու» հետևանքով հնարավոր է, որ, այնուամենայնիվ, շինությունը կառուցվի, սակայն դա շատ թանկ և, իմ կարծիքով՝ անիմաստ զբաղմունք է, քանզի ֆինանսական առումով, ավելի նպատակահարմար է գնալ օրինական ճանապարհով՝ ունենալ նախագիծ, շինարարական թույլտվություն և այլն: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է նաև օրինականացնել ինքնակամ կառույցներն, իսկ չօրինականացվածները՝ քանդել: Մասնավորապես, ըստ օրենսգրքի 188 հոդվածի 3 կետի. «Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին»: Փաստորեն, օրենսդրորեն ամրագրված է, որ, եթե, այնուամենայնիվ, առկա է չօրինականացված ինքնակամ կառույց ապա այն ենթակա է քանդման, ընդ որում նաև պետության և համայնքի հայցով, քանզի առաջնահերթ հենց իրենք պետք է շահագրգռված լինեն օրենքի գերակայությամբ: Ավելին, [url=http://www.arlis.am/documentview.aspx?docID=69797]«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի[/url] 26-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքի ղեկավարը մի շարք գործողությունների հետ մեկտեղ նաև կանխարգելում և կասեցնում է համայնքի տարածքում ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում դրանց հետևանքների վերացումը: Այսինքն, կա օրենք, որն արգելում է ինքնակամ շինարարությունը, կա օրենք, որն ավետում է ինքնակամ կառույցների քանդման մեխանիզմների մասին և կա օրենք այն մասին, թե ո՞վ պետք է կանխարգելի և կասեցնի ինքնակամ շինարարության գործընթացը: Իրավական առումով շատ պարզ է և հասկանալի, սակայն…. Արծարծվող խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ունի այլ կարծիք: Երևանի քաղաքապետարանում կարծում են, որ այդ մարմինն ընդհանրապես կապ չունի ինքնակամ կառույցների հետ և նմանօրինակ խնդիրները պետք է կարգավորվեն ինքնակամ կառույց ունեցող շենքի բնակիչների ժողովի կողմից: Համենայնդեպս, այդպիսի դիրքորոշում է հայտնել Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Լ. Նարիմանյանը: Վարչական դատարանում քննվող՝ «Ապօրինի կառույցի քանդման» վերաբերյալ գործի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Լ.Նարիմանյանը դատարանին է ներկայացրել մի փաստաթուղթ, որտեղ նշված է, որ շենքին կից կառուցված ինքնակամ շինությունների ճակատագիրը լուծվում է բացառապես տվյալ շենքի բնակիչների կողմից, իսկ նրանց միջև անհամաձայնությունները կարող են լուծվել միայն շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովում և միայն այդ ժողովին է պատկանում շենքին վերաբերող ցանկացած հարցի լուծման իրավունքը: Սա իր բնույթով աննախադեպ նորարարություն է: Ստացվում է, որ այսուհետ քաղաքացին բնակարանն ընդլայնելիս, շենքին կից շինություն, ավտոտնակ կամ տաղավար կառուցելիս կարող է չդիմել քաղաքապետարան, նախագիծ ներկայացնել և շինարարական թույլտվություն ստանալ: Դրա համար անհրաժեշտ է միայն հարևանների համաձայնությունը և վերջ: Ավելին, նույն տրամաբանությամբ, շենքի բնակիչները կարող են ժողով անել և որոշում կայացնել ամբողջ շենքը վերացնելու՝ քանդելու մասին, ըստ Երևանի քաղաքապետարանի դա իրավաչափ կլինի, քանզի շենքի սեփականատերերի ժողովին է պատկանում շենքին վերաբերող ցանկացած հարցի լուծման իրավունքը: Ահա այսպիսի նվեր է մատուցել Երևանի քաղաքապետարանը երևանցիներին: Մի կողմից այս նորամուծությունը ողջունելի է, քանի որ բոլորն էլ բնակելի, արտադրական և առևտրային տարածքների խնդիր ունեն և այն այսուհետ կարող են հեշտությամբ՝ առանց ավելորդ ձեւապաշտության, լուծել: Սակայն, մյուս կողմից, կան օրենքներ, որոնք չեն չեղարկվել և բազմաթիվ վարչական մարմիններ, որոնք պետք է իրագործեն այդ օրենքները: Բացի այդ, եթե անգամ ընդունենք, որ առաջարկվող նորարարությունն ամբողջովին իրավաչափ է ապա պարզից էլ պարզ է, որ ոչ բոլորը կարող են օգտվել դրանից: Այսօրվա իրականությունն ասում է, որ այդօրինակ ձևաչափով գործելը հասու է թաղային հեղինակություններին և իշխանություններից «դաբրո» ունեցողներին: Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս՝ Երևանի քաղաքապետարանը, մի կողմից հայտարարում է, որ այլևս պատասխանատու չէ ապօրինի կառույցների հետ կապված իրավական գործընթացների համար, սակայն մյուս կողմից չի լուծարում իր կազմում գործունեություն իրականացնող այն կառույցները, որոնք ֆինանսավորվում են հարկատուներիս կողմից և պետք է իրականացնեն ինքնակամ շինարարության կանխարգելման և կասեցման գործառույթներ: Բացի այդ, եթե Երևանի քաղաքապետարանը որդեգրել է խնդրո առարկայի հետ կապված նոր մոտեցում, ապա տրամաբանական է, որ նա օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցնի գործող իրավական դաշտը: Իսկ մինչ այդ… Եթե դուք թաղային հեղինակություն չեք և չունեք «դաբրո» իշխանությունների կողմից ապա ինքնակամ շինություն կառուցել չեք կարող և ստիպված կլինեք նախագիծ, շինարարական թույլտվություն և բազմաթիվ այլ փաստաթղթեր հայթայթել: [b]Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ[/b] «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Հ.Գ. Սույն նյութի հրապարակման հիմքը ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/5942/05/16 վարչական գործն է, իսկ ինքնակամ շինություն կառուցողը, ասել է թե, իշխանություններին կողմից «դաբրո» ունեցողը՝ Արգավանդի եկեղեցու քահանա Տեր Գրիգորն է:

Նմանատիպ նյութեր