211652_close_icon
views-count7630 դիտում article-date 23:20 12-01-2017

Քարվաճառում ավարտվում են «Ջերմաջուր-1» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շահումյանի շրջանի Արսենավան տեղամասում ավարտին են մոտենում «Ջերմաջուր-1» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները. դրանց ընթացքին երեկ ծանոթացել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Բ. Սահակյանին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կայանի հզորությանն ու կարևորությանը, նշել է, որ այն վերջին տարիներին կառուցվող ամենախոշոր հիդրոէլեկտրակայանն է, և որ ամենակարևորն է՝ այն կառուցվում է Շահումյանի շրջանում: ««Ջերմաջուր-1» ՀԷԿ-ի կառուցումն իրականացվեց օղակաձև բարձրավոլտ էլեկտրական գծերի կառուցման շնորհիվ: Այստեղ նախատեսվում է ևս մի քանի փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում. դրանք նպաստելու են շրջանի զարգացմանը: Ընդհանուր առմամբ, ՀԷԿ-երի կառուցումն իրականացնող բոլոր ներդրողներն էլ մասնավոր անձինք են. կառավարությունն ընդամենն աջակցում է նրանց՝ ապահովելով աշխատանքն իրականացնելու համար բարենպաստ պայմաններ: Ներդրողներն Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից են: Ի դեպ, նշեմ, որ այս նախագծի առավելություններից մեկն էլ այն է, որ դրա շնորհիվ այստեղի ջրային, ճանապարհային ենթակառուցվածքները զարգանում են: Շնորհիվ կառուցող ընկերության՝ մեր պատմական տարածքները կարող ենք օգտագործել նաև զբոսաշրջության զարգացման նպատակով»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը: ԼՂՀ վարչապետի խոսքով՝ Շահումյանի շրջանում հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար կան մեծ նախադրյալներ. «Մենք կարող ենք ՀԷԿ-եր կառուցել Լև, Թարթառ գետերի, Քաշաթաղի շրջանում Հոչանց գետի վրա: Կարելի է կառուցել նաև Սարսանգ-Մատաղիս հատվածում՝ Թարթառ գետի ջրամբարից ներքև: Դրանք փուլ առ փուլ կյանքի կկոչվեն: Գումարային հաշվով այս տարի մինչև 35 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-եր են շահագործման հանձնվելու, որոնք ավելին են, քան վերջին 10 տարվա մեջ կառուցվածները. դա արդեն իսկ ծրագրի արդյունավետության ապացույցն է»: ՀՀ «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի նախագահ Գրիգոր Գաբայանն էլ նշել է, որ «Ջերմաջուր-1»-ը ժամանակակից հէկերի մեջ կարող է ունենալ առաջնակարգ դիրք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր