211652_close_icon
views-count5344 դիտում article-date 19:07 05-12-2016

Լոնդոնի բաց երկնքի տակ «Կոմիտաս» երգչախումբը մասնակցեց «Samsung World Choir»-ի կողմից Լոնդոնում կազմակերպված եւ նախադեպը չունեցող ձեռնարկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /The Tekeyan Trust/ «Կոմիտաս» երգչախումբը մասնակցեց Samsung World Choir կողմից Լոնդոնում կազմակերպված եւ նախադեպը չունեցող ձեռնարկին՝ շարունակական համերգին բաց երկնքի տակ: Միջոցառումը բացառիկ է եւ Անգլիայում մեծ արձագանքի է արժանացել, քանզի 24 օր շարունակ՝ մինչեւ Սուրբ Ծննդյան տոները, ամեն երեկո Լոնդոնի սրտում՝ Պիկադիլի հրապարակում /Piccadilly Circus/, տարբեր երգչախմբեր ելույթներով հանդես են գալու Լոնդոնի երաժշտասեր հանրության, ինչպես նաեւ զբոսաշրջիկների առջեւ: Կազմակերպիչների կողմից համերգի վայրը պատահական չէր ընտրված. Պիկադիլի հրապարակը հանդիսանում է Լոնդոնի ամենակարեւոր եւ ամենամարդաշատ տեսարժան վայրերից մեկը, ուր ամեն ժամ հազարավոր այցելուներ են լինում եւ հիանում Էրոսի արձանով եւ շրջապատող ճարտարապետական հրաշքներով: 6 մետր բարձրություն ունեցող բեմը, որի վրա կանգնած ելույթ են ունենում երգչախմբերը, տեղադրված է հենց Էրոսի արձանի շուրջ: «Կոմիտաս» երգչախումբը /նախագահ՝ Վ. Ուզունյան, խմբավար եւ գեղ. ղեկավար՝ Ս. Օլահ/ պատիվ ունեցավ հանդես գալու ձեռնարկի առաջին իսկ օրը եւ բացելու համերգը, փայլելով իր ինքնատիպ կատարողականությամբ: Մեկ ժամ շարունակ հարյուրավոր երաժշտասերներ վայելեցին հայ դասական երաժշտությունը. «Կոմիտաս»-ն իր բարձ որակներով կատարեց Ա. Դոլուխանյանի, Կոմիտասի, Ա. Տիգրանյանի, Ս. Լուսիկյանի, Ա. Աճեմյանի, Ս. Շաքարյանի, Է. Հովհաննիսյանի ստեղծագործություններից եւ արժանացավ բուռն ծափահարությունների: 32 անդամից բաղկացած քառաձայն «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2013թ. հայ երիտասարդ տենոր եւ խմբավար, բազմաթիվ երաժշտական մրցույթների հաղթող Սիփան Օլահի եւ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար, Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ, բարերար, Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանակիր Վարդան Ուզունյանի նախաձեռնությամբ: Նորաստեղծ «Կոմիտաս»-ն արդեն բազմաթիվ հաջող ելույթներով հանդես է եկել Անգլիայում եւ Ուելսում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր