211652_close_icon
views-count4382 դիտում article-date 23:07 14-10-2016

Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերում՝ Հայաստանը կներկայանա մշակույթի ոլորտի 6 անվանակարգով

Ս. թ. հոկտեմբերի 9-13-ը Հայաստանի Հանրապետությունում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի տարածաշրջանի ժյուրիի անդամ Գիեդրե Կաբասինսկիենեն՝ 2017 թվականին, Աբիջանում /Կոտ դ’Իվուար, Փղոսկրի ափ/ կայանալիք Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերում հայաստանյան մասնակիցների նախընտրական փուլն անցկացնելու նպատակով: Խաղերին վերաբերող մշակույթի ոլորտի հարցերի քննարկման նպատակով ժյուրին հանդիպել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, Ֆրանկոֆոնիայի խաղերի հայաստանյան պատվիրակության համակարգող Արև Սամուելյանի հետ: Քննարկվել են հայաստանյան ներկայացուցիչների մասնակցության ձևաչափերն ու այլ մանրամասներ: Հայաստան այցի շրջանակում Գ. Կաբասինսկիենեն ծանոթացել է հայկական մշակույթին, այցելել` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի 8-րդ մարզամշակութային խաղերում, մշակույթի ոլորտի անվանակարգերի և մասնակիցների նախնական ընտրությունը ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացվել է 2016 թվականին, հետևյալ սկզբունքով. մասնակիցը պետք է լինի 18-35 տարեկան, մասնագիտական հմտություններից զատ` տիրապետի ֆրանսերեն լեզվին: Այս ձևաչափով ֆրանկոֆոնիայի ժյուրիի ընտրությանն էր ներկայացվել պահանջներին համապատասխան 10 մասնակից, ընտրվել են՝ 8-ը: Ընտրության արդյունքում որոշվել է, որ 2017 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերին Հայաստանը մշակույթի ոլորտում կներկայանա «Երգ», «Պար», «Քանդակագործություն», «Նկարչություն», «Լուսանկարչություն», «Հեքիաթասացություն» անվանակարգերով: Նախընտրական փուլն անցկացվել է 2 հարթակներում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում և Հ. Թումանյանի թանգարանում: Ֆրանկոֆոնիայի խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ: Մշակույթի և սպորտի ոլորտներում՝ Հայաստանը խաղերին մասնակցել է 2009 և 2013 թվականներին:

Նմանատիպ նյութեր