211652_close_icon
views-count1637 դիտում article-date 22:38 26-05-2016

Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը այցելեց Սուլեյամանիա և Հալաբջա նահանգներ

Մայիսի 23-25 Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը այցելեց Սուլեյամանիա և Հալաբջա նահանգներ: Սուլեյմանիա քաղաքում դեսպանը հանդիպեց նահանգապետ Ասո Ֆարիդուն Ալի Ամինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նահանգապետը նշեց, որ իրենք շահագրգռված են զարգացնելու Հայաստանի հետ կապերը, մասնավորապես, հայկական արտադրանքի ներմուծման և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք ընդգծվեցին այդ ոլորտներում առկա մեծ ներուժը և դրա լիարժեք կիրառման հեռանկարները: Հանդիպմանը հաջորդեց համատեղ մամուլի ասուլիս: Այնուհետև տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում նահանգի գյուղատնտեսության, սննդի, առողջապահության, կրթության դեպարտամանտների և առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարության հետ, որի ընթացքում արծարծվեցին համագործակցության հստակ ծրագրեր: Դեսպանը ներկայացրեց հայկական արտադրանքին, արտահանմանը, ինչպես նաև ներդրումային դաշտին վերաբերող տեղեկատվություն, նախանշեց համագործակցության հնարավոր ոլորտներ և պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին: Կրթական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերը ներառված էին Սուլեյմանիայի և Պոլիտեխնիկ համալսարանների ղեկավարության հետ հանդիպման օրակարգում: Վերջինիս ներկայացվեցին Հայաստանում որակյալ բարձրագույն կրթության առավելությունները և հնարավորությունները: Քուրդիստանի Հայրենասիրական միության քաղաքական խորհրդի անդամ, Իրաքի նախկին առաջին տիկին Հերո Թալաբանիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեց երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, ինչպես նաև հատուկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուցաբերված ջերմ վերաբերմունքը: Նույն օրը՝ երեկոյան, դեսպանը հանդիպեց Առևտրաարդյունաբերական պալատի անդամների ու խոշոր գործարարների հետ: Քննարկվեցին ինչպես Հայաստանում ներդրումներ կատարելու, այնպես էլ հայկական արտադրանքի ներմուծմանն առնչվող հարցեր: Այցի շրջանակներում Դեսպանը եղավ նաև «Save the Children» կազմակերպության «Սահմանափակ կարողություններով երեխաների ուսումնական կենտրոնում», Սուլեյմանիայի Փեշմերգայի թանգարանում և Լաթիֆ Ռաշիդ ժամանակակից արվեստի պատկերասրահում: Մայիսի 25-ին դեսպան Գրիգորյանն այցելեց Հալաբջա նահանգ, որտեղ հանդիպեց նահանգապետ Աբդալլահ Նևրոլիի հետ: Քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այնուհետև դեսպանն այցելեց Հալաբջայի՝ թունավոր գազային հարձակման զոհերի հուշակոթող ու թանգարան:

Նմանատիպ նյութեր