211652_close_icon
views-count2105 դիտում article-date 21:57 26-05-2016

Սիրիահայերը դարձել են մեր հասարակության լիիրավ անդամ. Սփյուռքի նախարար

Մայիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարարական խորհրդի աշխատակարգը: Ողջունելով հասարարական խորհրդի անդամներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հասարակական կապերի զարգացման առումով կարևորեց խորհրդի աշխատանքը: Նախարարը մեկառմեկ նշեց խորհրդի անդամ բոլոր համահայկական խոշոր կառույցներն ու անհատներին՝ մեծապես արժևորելով նրանց ազգանցեր գործունեությունը, և մասնակցությունը Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող խնդիրների լուծմանը: Նախարարը հասարարական խորհրդի հաստատմանը ներկայացրեց օրակարգը և 2016թ. աշխատանքային ծրագիրը: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության 2016 թվականի հիմնական ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Զեկուցողը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի իրականացման համար բյուջեից հատկացվել է 750 մլն դրամ, որից «Սփյուռք» ամառային դպրոցի համար 120մլն, «Արի տուն» ծրագրի համար 100 մլն, գիտակրթական նյութերի և գրքերի համար 100 մլն, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի համար 84 մլն, համաժողովների կազմակերման համար 23 մլն և այլն: Իրականացվելու են կրթամշակութային աջակցության տարածաշրջանային ծրագրեր: Այս տարի ևս շարունակվելու են արդեն ավանդական դարձած «Մեր մեծերը» ծրագիրը, համահայկական մրցանակաբաշխությունը: Ցուցադրվեց ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերի մասին: Սիրիահայերի հետ տարվող աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լ. Անտոնյանը: Կարևորելով սիրիահայերի ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նախարարը նշեց. «ԱՄՆ կա տարած աշխատանքային այցի շրջանակներում Նյու Յորքում հանդիպումներ եմ ունեցել փախստականների և միգրանտների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի տեղակալ Ֆ. Հոչիլդի և ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի Նյու Յորքի գրասենյակի տնօրեն Ն. Քելիի հետ, և պետք է ձեզ փոխանցեմ նրանց գոհունակությունը Հայաստանում սիրիահայերի խնդիրերի լուծման ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ: Հայաստանը համարվում է փախստականներ ընդունող երկրի լավագույն օրինակ: Հայաստանը որպես դրական օրինակ ներկայացվելու է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Մենք պետք է շարունակենք նույն ձևաչափով առավել արդյունավետ աշխատել: Սիրիահայերը դարձել են մեր հասարակության լիիրավ անդամ և պետք նրանց ուժերը, գիտելիքները, հմտություններն օգտագործենք Հայաստանի զարգացման, սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու գործում»: Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեց հասարարական խորհրդի անդամների հարցերին, գոհունակություն հայտնեց ընթացիկ աշխատանքների կատարման արդյունքների վերաբերյալ, հորդորեց առավել սերտ և արդյունավետ համագործակցել Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների լուծման համար:

Նմանատիպ նյութեր