211652_close_icon
views-count90474 դիտում article-date 15:48 24-05-2016

Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքը իրականում չափազանցված է. նոր մանրամասներ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ստեփան Նավասարդյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մայիսի 16-ին, ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության վարչական շենքի մոտ գտնվող դալանում տեղի ունեցած վիճաբանության առթիվ: Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում Հանրապետության հրապարակի «7 աղբյուր» կոչվող ցայտաղբյուրի մոտ: Ոստիկանները ժամանում են նշված վայր, սակայն վիճաբանության մասնակիցների չեն հանդիպում, որից հետո տեղում տվյալներ են ստանում, որ կռվի մասնակիցները գնացել են դեպի Կապի և Տրանսպորտի նախարարության վարչական շենքի հարևանությամբ գտնող դալանի ուղղությամբ: Այնտեղ նույնպես ոստիկանները չեն հայտնաբերում կռվի մասնակիցներին, իսկ ժամեր անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները պարզում են, որ այդ քաղաքացին մինչև հիվանդանոց տեղափոխվելը ծեծի է ենթարկվել նախ՝ «7 աղբյուր» ցայտաղբյուրի մոտ, իսկ հետո՝ Կապի և տրանսպորտի նախարարության դալանի մեջ: Նույն օրը Կենտրոնի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են, որ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են մի քանի հոգի, որից հետո ոստիկանություն են բերման ենթարկվում Երևան քաղաքի բնակիչներ Ա. Կարախանյանը. Հ. Շմոյանը, Վ. Սարգսյանը, Ս. Վարդանյանը, Վ. Մկրտչյանը: Վերջիններս քննիչ Ս. Նավասարդյանի կողմից ձերբակալվում են, սակայն 2 օր անց հարուցված քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ փոխանցվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղ էլ 1 օր անց քննիչը միջնորդություն է ներկայացնում Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ա. Կարախանյանի. Հ. Շմոյանի, Ս. Վարդանյանի, Վ. Սարգսյանի նկատմամբ: Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և նշված անձինք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ կռվի մասնակիցներից մեկի բանկային քարտի միջից մասնակիցներից մեկը գաղտնի դուրս է բերել 14 հազար դրամ, որից հետո իմանալով այդ մասին՝ 2 կողմերը պայմանավորվել են հանդիպել Հանրապետության հրապարակի «7 աղբյուրի» մոտ: Հանդիպելով արդեն այնտեղ՝ վիճաբանող կողմերը, որպեսզի հեռու մնան քաղաքացիների տեսադաշտից, որոշում են «ռազբորկան» շարունակել Կապի և տրանսպորտի նախարարության շենքի մոտի դալանում: Տեղեկությունները, որ կռվի մասնակիցների ու ձերբակալվածների մեջ կան Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահներից, հերքվում է, քանի որ Գ. Բեգլարյանի թիկնապահները 3-ն են, ովքեր այսօր էլ իրենց շեֆի հետ եղել են աշխատանքի վայրում: Միակ ճիշտ տեղեկությունը նրանում է, որ վիճաբանություն-ծեծկռտուքը շարունակվել և ավարտվել է Կապի և տրանսպորտի նախարարության դալանում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի մասին իրավապահներին տեղեկությունը փոխանցել է Կապի և տրանսպորտի նախարարության պահակը, իսկ եթե վիճաբանություն-ծեծռկտուքին մասնակից լինեին նախարարի թիկնապահները, ապա գաղտնիք չէ, որ նախարարության պահակը չէր համարձակվի այդ մասին տեղեկացնել իրավապահներին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր