211652_close_icon
views-count60905 դիտում article-date 09:37 11-05-2016

Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցը՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ. բնակիչները բարձրաձայնում էին. «Արաբկիրի թաղապետարանի որոշ պաշտոնյաներ ճկույթի խելք չունեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 23-ամյա Հայկ Ստեփանյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 89 QQ 989 համարանիշի ավտոմեքենայով Կասյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 51-ամյա Նունե Պապոյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 ծառայություն, իսկ հետո դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանություն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը: Փաստի առթիվ Ա. Տոնոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ ըարածք, վարորդն էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ վիճակում: Վրաերթի վայրում հավաքված հարակից շենքերում բնակվող քաղաքացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Ողջ Կասյան փողոցը կարոտ է արտաքին լուսավորման, մեկ-երկու լույս են միացրել, մնացածն ամբողջովին խոտանված է: Փողոցն էլ բավականին մութ է լինում: Քանի անգամ ասել ու խնդրել ենք Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն ոնց գցում-բռնում ենք՝ Արաբկիրի թաղապետարանի աշխատողները մի ճկույթի խելք էլ չունեն, որ գոնե լույսերը սարքեն: Թողնես միայն չեղած տեղերում սելֆի անեն ու էդ նկարները տարածեն: Գոնե էս ողբերգական դեպքից հետո արտաքին լուսավորման խնդիրը լուծեն»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Ստեփանյանը աշխատում է «ՍԱՍ» սուպերմարկետում, իսկ մահացած Ն. Պապոյանը Վանաձոր քաղաքի բնակիչ էր, 2 երեխաների մայր, վարձակալական հիմունքներով բնակվում էր Երևանում և աշխատում էր «Միստր Գիրոս» ՍՊԸ-ում՝ որպես սպասարկող: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր