211652_close_icon
views-count2929 դիտում article-date 14:00 05-05-2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Բաբուին պաշտոնավարման անցած երեք տարիներին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում դեսպանի ներդրումը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ վերջին տարիներին ընդլայնվել և հարստացել է հայ-հնդկական երկկողմ համագործակցության օրակարգը՝ ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ, նաև առկա մեծ ներուժը հաշվի առնելով, նախանշվել են փոխգործակցության հեռանկարային նոր ուղղություններ, որոնք զարգացնելու համար երկկողմ աշխատանք է իրականացվում: ՀՀ Նախագահը և դեսպան Բաբուն կարևորել են միջկառավարական և միջխորհրդարանական մակարդակներով տեղի ունեցող արդյունավետ շփումները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ մշտապես հավասարակշռված դիրքորոշում արտահայտելու համար: Դեսպան Սուրեշ Բաբուն կարևորել է ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում ևս համագործակցության զարգացումը՝ նկատի առնելով, որ Հնդկաստանը շահագրգռված է ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում, և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Հանրապետության Նախագահը Սուրեշ Բաբուին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում և հույս հայտնել, որ մեր երկրում Հնդկաստանի հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով ու նվիրվածությամբ կկատարի իր դիվանագիտական առաքելությունը: Դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին իր աշխատանքին տրված բարձր գնահատականի և պաշտոնավարման տարիներին սերտ համագործակցության ու աջակցության համար:

Նմանատիպ նյութեր