211652_close_icon
views-count1321 դիտում article-date 14:46 10-02-2016

Արմեն Մուրադյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Բարձր գնահատելով առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ներկա մակարդակը՝ նախարարը նշեց. «Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում բարեկամ Հնդկաստանի հետ մեզ հաջողվեց առողջապահության ոլորտում էապես խորացրել և ընդլայնել համագործակցության ծրագրերը»: Արմեն Մուրադյանի խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև մեր երկրում ավանդական բժշկության փորձն ուսումնասիրելու ուղղությամբ: Սուրեշ Բաբուն ասաց, որ հնդկական կողմը համագործակցության առաջարկներ է արել նաև դեղարտադրության ոլորտում համագործակցություն իրականացնելու ուղղությամբ: Դեղարտադրության ոլորտում համագործակցության շրջանակում 2015թ. փետրվարին Հայաստան էր ժամանել գործարարների մեծ պատվիրակություն Հնդկաստանից: «Հնդկական կողմը աշխատանքներ է տանում նաև Երևանի պետական բժշկական համալսարանի հետ` այնտեղ ավանդական բժշկության դասընթացներ, կրթական ծրագրեր անցկացնելու ուղղությամբ»,- ասաց դեսպանը: Նա նաև ընդգծեց, որ մեծաթիվ հնդիկ ուսանողներ տարիներ շարունակ հաջողությամբ Հայաստանում ստանում են բժշկական բարձրագույն կրթություն, ձեռք են բերում մասնագիտական հմտություններ: Դիվանագետը հայտնեց, որ հնդկական կողմը շահագրգրված է նաև մարտի սկզբին Երևանում կայանալիք «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովին մասնակցելու հրավերով: Հանդիպման ընթացքում կարևորվեց, որ երկու երկրի միջև առկա է մեծ ներուժ առողջապահության տարբեր ճյուղերում փոխգործակցությունն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու համար: Նշենք, որ 2014թ. ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» Փոխըմբռնման հուշագիր, որով Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և հանրապետության 9 մարզային բժշկական կենտրոններին հատկացվել են հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ: 2013թ. սեպտեմբերին Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիոթերապիայի բաժանմունքին նվիրաբերել է թալասեմիա հիվանդությունը բուժող դեղեր:

Նմանատիպ նյութեր