211652_close_icon
views-count2460 դիտում article-date 19:01 08-02-2016

Արցախի վարչապետը հանդիպել է մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 8-ին Ասկերան քաղաքում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների մասնակցությամբ՝ պետական աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր քննարկելու նպատակով: Վարչապետն իր խոսքում շեշտադրել է, որ կառավարությունն առաջնահերթություն է տալիս գարնանացան միամյա և բազմամյա կուլտուրաների մշակմանը՝ հորդորելով հողամշակներին աշնանացանից անցում կատարել գարնանացան մշակաբույսերին: «Այս հանդիպումը նախաձեռնել ենք, որպեսզի միասին քննարկենք գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրները և կառավարության առաջիկա անելիքները: Ակնկալում եմ, որ արդյունքում մեր համագործակցությունն ու աջակցության ծրագրերն ավելի արդյունավետ կդառնան: Մենք խթանում ենք գարնանացան կուլտուրաների մշակումը՝ աջակցություն ցուցաբերելով արտադրողներին թե՛ պարարտանյութերով ու սերմերով, և թե՛ ֆինանսապես, որպեսզի կարողանաք կազմակերպել մշակման աշխատանքները: Նպատակ ունենք դրանով բարձրացնել հանրապետության ինքնաբավության մակարդակը բանջարաբոստանային կուլտուրաների առումով, իսկ այգեգործության համար զարգացման նոր հեռանկարներ ստեղծել: Կառավարությունը, բացի արտադրողներից, ձեռք է մեկնում նաև վերամշակող ձեռնարկություններին, որպեսզի նրանք կարողանան շուկայում իրացնել տեղական արտադրանքը»,- հողօգտագործողներին ուղղված խոսքում ասել է վարչապետ Հարությունյանը: Անդրադառնալով ոռոգման ջրի սակավության խնդրին՝ կառավարության ղեկավարը հորդորել է ներկաներին բարեխղճորեն օգտագործել եղած պաշարները և համոզմունք հայտնել, որ այդ պարագայում զգալիորեն կավելանան ոռոգովի հողատարածքների ծավալները: Ա. Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու պաշտոնյաներին խստորեն վերահսկել ոռոգման ջրի պաշարների օգտագործումը և բարձրացնել դրանց կառավարման արդյունավետությունը: «Մենք քայլեր ենք ձեռնարկում ոռոգման նոր ենթակառուցվածքների ստեղծման և համակարգի բարելավման ուղղությամբ: Դրան զուգահեռ՝ կառավարությունը, աջակցության համապատասխան ծրագրերի միջոցով, խրախուսում է ոռոգման արդի տեխնոլոգիաների կիրառումը, ինչը կբարձրացնի և՛ ջրային պաշարների կառավարման արդյունավետությունը, և՛ հողերի բերքատվությունը»,- նշել է Ա. Հարությունյանը: Վարչապետը պատասխանել է հողօգտագործողների հարցերին, փոխանակել մտքեր նրանց հետ: Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ ներկայացնելով պետական աջակցության ընթացիկ ծրագրերը: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր