211652_close_icon
views-count9477 դիտում article-date 13:44 14-11-2015

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ

Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ այսօր Արմավիրի մարզի Մուսա լեռան հուշահամալիրում կայացած միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին: «Վեհափառ Տե՛ր, Գերաշնո՛րհ սրբազան հայրեր, Հարգելի՛ հյուրեր, Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք այստեղ ենք՝ նշելու Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյա հոբելյանը: Այն 1915թ. Հայոց պատմության հերոսական դրվագներից մեկն է, որտեղ անգնահատելի ավանդ ունեն ֆրանսիացի մեր եղբայրները: 100 տարի է անցել, բայց մեր երախտագիտության զգացողությունը փոքր-ինչ անգամ չի նվազել: Սիրելի՛ հայրենակիցներ, Ցավոք, ճակատագրի հեգնանքով մենք այս գիշեր ականատեսը եղանք Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում, իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչական գործողությունների իրականացմանը: Բոլորս խորապես ցնցված ենք: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի ու զազրելի գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային անմեղ կյանքեր խլեցին: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ անմարդկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ պարտավոր է միանալ բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին: Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դեպքերի պատճառ են հանդիսանում: Այս դժվար պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատրաստ է ամենայն աջակցության: Խորին ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ֆրանսիացի ժողովրդի հետ են մեր աղոթքները, սրտերը և հոգիները»: Ավելի վաղ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/14/70341/]հղել [/url]Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին;

Նմանատիպ նյութեր