211652_close_icon
views-count2587 դիտում article-date 09:29 07-07-2015

Հարավային Կորեայի Ունիվերսիադայում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը. ֆոտոշարք

Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում հուլիսի 3-ն մեկնարկած համաշխարհային ամառային 28-րդ ունիվերսիադայի ծրագրով սպորտային մարմնամարզության մրցաշարում այսօր մեդալներ են խաղարկարվում առաձին գործիքների վրա: 23-ամյա Արթուր Թովմասյանը հրաշալի արդյունքով՝ 15,75 միավորով, նախնական փուլում գրավել էր 1-ին տեղը, մտել էր եզրափակիչ ու այսօր 8 ուժեղագույնների շարքում վիճարկում էր ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչում Թովմասյանը նորից իրեն գերազանց դրսևորեց, ու նկատելորեն առաջ անցնելով իր մրցակիցներից վաստակած` 15,5 միավորով հռչակվեց համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն ու Հայաստանի պատվիրակությանը պարգևեց առաջին մեդալը: Արթուրին հետևեցին ու մրցանակային եռյակում տեղեր զբաղեցրին՝ 2. Իգոր Ռադիվիլով, Ուկրաինա՝ 15,266 միավոր, 3. Իբրահիմ Չոլակ, Թուրքիա ՝ 15,133 միավոր: Ի դեպ, Թուրքիայի ներկայացուցիչը Բաքվում հունիսին կայացած Եվրոպայի ամառային մարզական 1-ին խաղերի բրոնզե մեդալակիրն է (15,133): Նկատենք նաև, որ Բաքվում 15,5 միավոր արդյունք արձանագրելու դեպքում Արթուր Թովմասյանը կկարողանար դառնալ Եվրոխաղեր-2015-ի արծաթե մեդալակիր ու ետ կմնար միայն 15,633 միավոր ցուցանիշով խաղերի չեմպիոն դարձած, Եվրոպայի գործող չեմպիոն, հույն մարմնամարզիկ Էլեֆթերիոս Պետրունիասից: Հավելենք նաև, որ Արթուր Թովմասյանն ընթացիկ մրցաշրջանում ապրիլին Մոնպելիեում (Ֆրանսիա) ընթացած Եվրոպայի առաջնությունում 15,3 միավոր արդյունքով զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը, իսկ մարտին Դոհայում (Քաթար) կայացած աշխարհի գավաթի 8-րդ խաղարկությունում էլ 15,425 միավորով ցուցանիշով արժանացել էր արծաթե մեդալի, հայտնել է Հովհաննես Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր