35403 դիտում
14:55 05-07-2015
Կենտրոնի դատարան են բերվել Սյունիքի տխրահռչակ մարզպետի նկատմամբ մահափորձ կատարած կասկածյալներից 2-ը (ԼՐԱՑՎԱԾ)
Այսօր` հուլիսի 5-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Կապան քաղաքի բնակիչ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը և Գորիսի բնակիչ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառի երկամսյա կալանք: Վերջիններս կասկածվում են Սյունիքի տխրահռչակ մարզպետ Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի և նրա հետ 2 անձանց նկատմամբ մահափորձ կատարելու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվել է դռնփակ դատական նիստը` Վիտալի Մինասյանի մասով, որից հետո դատավորը գնալու է խորհրդակցական սենյակ` որոշելու` բավարարելու է ԱԱԾ-ի միջնորդությունը, թե ոչ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/03/58676/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ը, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել էին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ը տեղեկացել էր Ազգայաին Անվտանգության ծառայությունից: Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով եւ փամփուշտներով:
ԱԱՊԾ-ից տեղեկացել էինք նաեւ, որ իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաեւ քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական եւ օպերատիվ գործողություններ:
Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների եւ առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել էին փորձաքննություններ:
19:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և Վ. Մինասյանն ու Գ. Աթաջանյանը, ինչպես նաև դատարան տեղափոխված Հենրիկ Ավագյանը վերցվել են երկամսյա կալանքի: Քիչ հետո դատավոր Գ. Պողոսյանի նախագահությամբ կսկսվի Արա Բուդաղյանի դռնփակ դատական նիստը: ԱԱԾ քննչական մարմինը նրա համար նույնպես միջնորդում է երկամսյա կալանք: