211652_close_icon
views-count15117 դիտում article-date 20:05 25-04-2015

Զավեշտ, արարողակարգային ձախողումներ, զայրացած ընդդիմություն. իսպանական մամուլը՝ Գալիպոլիի մարտերին նվիրված արարողությունների մասին

Ապրիլի 24-ին Թուրքիայում կայացած Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումների արարողակարգային մասը քննադատության է արժանացել մամուլի կողմից. թուրքական կողմը բազմաթիվ սխալներ ու բացթողումներ է թույլ տվել: Իսպանական Milenio-ն` հղում անելով թուրքական լրատվականներին, մասնավորապես, գրում է, որ Գալիպոլիի ճակատամարտին նվիրված արարողությունների ընթացքում Առաջին աշխարհամարտին Անտանտի դաշնակիցների չորս ռազմանավ` բրիտանական, ֆրանսիական, ավստրալիական եւ նոր զելանդական, մոտեցել են Դարդանելի նեղուցին, ուր նրանց պիտի դիմավորեր առափնյա հրետանին՝ ողջույնի համազարկերով: Թնդանոթները, սակայն, լռել են: Փոխարենը ռազմանավերին դիմավորել է «Սավարոնան»` թուրքական կառավարությանը պատկանող շքեղ զբոսանավ: ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել նաև մեկ այլ դրվագ. մեկ դար առաջ տեղի ունեցած ճակատամարտի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը ցուցադրում էր թուրք զինվորներին մարտի ոգեշնչելու դրվագը: Անսպասելիորեն հնչել է ներկայիս նախագահ Էրդողանի ձայնը, որն արտասանել է հայրենասիրական բանաստեղծություն: Ստեղծագործությունն ուներ կրոնական-իսլամական բովանդակություն, ինչը ևս արռաջացրել է ԶԼՄ-ների տարակուսանքը, քանզի օսմանյան բանակի կազմում մարտին մասնակցել են նաև այլ կրոններ դավանող զինվորներ: Բազմաթիվ խնդիրներ է առաջացրել որպես միջոցառման անցկացման օր ապրիլի 24-ի ընտրությունը: Նախկինում Թուրքիայում միջոցառումներն անցկացվում էին մարտի 18-ին, իսկ Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում՝ ապրիլի 25-ին: Դրա շնորհիվ դաշնակիցների նավերը ժամանակ ունեին հասնել հայրենի ափեր: Տոնակատարությունն առաջացրել է անգամ ընդդիմադիր թուրք ազգայնականների զայրույթը: Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը քննադատել է իշխանություններին նրա համար, որ ընդդիմադիր կուսակցություններին մասնակցելու հրավեր չի ուղարկվել: «ԱԶԿ-ն (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ խմբ.) կենդանի մարդկանց հանդեպ գործած բռնություններից հետո այժմ էլ մեր զոհերի հետ է դաժանաբար վարվում։ Տոնակատարությանն ով ասեց չկա, բացի Աթաթուրքի հիմնած կուսակցությունից», – մեջբերում է նրան Hurriyet-ը: Մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցության ղեկավարի տեղակալ Յուսուֆ Հալաչողլուն ասել է, որ ոչ մի ընդդիմադիր կուսակցության չեն հրավիրել, ու հավելել. «Իրենք նվագում, իրենք էլ պարում են, գովազդի են վերածել»։ Հալաչօղլուն նաև քննադատել է միջոցառումներն ապրիլի 24-ին անցկացնելը: «24-ին ի՞նչն են նշում։ Անզակի զորքերի՝ թերակաղզի ափհանու՞մը։ Պետք է նշեին մեր հաղթանակի տոնը, և ոչ թե թշնամու ափհանման», – ասել է նա: Նշենք, որ Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններն այս տարի առաջին անգամ պատմության ընթացքում նշվեցին ապրիլի 24-ին, թեև մարտերն սկսվել էին 1915 թ մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թ. հունվարի վերջը: Դաշնակիցների ափհանման օպերացիան՝ բուն Գալիպոլիի ցամաքային մարտերը, սկսվել են ապրիլի 25-ին: Տեղափոխելով միջոցառումը, Թուրքիան նպատակ էր հետապնդում խանգարել հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը:

Նմանատիպ նյութեր