211652_close_icon
views-count2476 դիտում article-date 22:40 26-03-2015

Լոռու մարզպետն այցելեց «Ռոզֆրուդ» ՍՊԸ. լուսանկարներ

2011 թվականին է հիմնադրվել բազմատեսակ պահածոների արտադրության մեջ մասնագիտացած Վանաձորի «Ռոզֆրուդ» ՍՊԸ-ն: Արտադրական ծավալների չափանիշներով այն միջին բիզնեսի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն է: ՍՊԸ-ի արտադրությանը ծանոթանալու նպատակով մարտի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի և մարզպետարանի պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելեց ձեռնարկություն, շրջեց արտադրամասերով, ծանոթացավ արտադրապրոցեսին, զրուցեց աշխատողների հետ: ՍՊԸ-ի սեփականատեր Ռոստոմ Քեշիշյանը հյուրերին ուղեկցեց արտադրամասեր, սառնարանային բաժանմունք, պատրաստի արտադրանքի պահեստներ՝ ընթացքում ներկայացնելով ձեռնարկության առօրյան, արտադրական հզորությունները, սպառման շուկան, հեռանկարները: Դիտելով պատրաստի արտադրանքը՝ դժվար է պատկերացնել, որ շուրջ 70 տեսակի պահածոները թողարկվել են սահմանափակ տեխնիկական հնարավորություններով արտադրամասում: Ինչպես ասաց ՍՊԸ տնօրեն Արմինե Միրզոյանը, ամբողջ արտադրանքը՝ բազմատեսակ հյութերը, մուրաբաները, ջեմերը, խավիարները, թթուները, բանջարանոցաբոստանային բույսերի պահածոները և այլն, պահածոյացվում են առանց արհեստական հավելումների: Հենց դա էլ գրավում է Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան տարածաշրջանի սպառողներին, որոնք ձեռնարկության արտադրանքի հիմնական պատվիրատուներն են: Մի փոքր քանակություն էլ իրացվում է մեր հանրապետության ներսում: Ի դեպ, եթե ձմեռային սեզոնին այստեղ զբաղված են 24 պահածոյագործներ, ապա ամռան և աշնան բերքի շրջանում աշխատակազմը կրկնապատկվում է: Տանտերերը հյուրերին հրավիրեցին համտեսելու իրենց արտադրանքը, արտահայտելու կարծիք դրա որակի վերաբերյալ: Մարզպետը, որ բավականին տպավորված էր պահածոների ապրանքային տեսքից ու համային որակներից, իր գոհունակությունն արտահայտելուց բացի, պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ աջակցելու ձեռնարկությանը, հատկապես երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքներով վարկեր ստանալու հարցում, շեշտելով, որ հանրապետության վարչապետի հանձնարարականն է՝ ամեն կերպ սատարել տեղական արտադրողին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր