211652_close_icon
views-count1805 դիտում article-date 22:56 23-09-2014

«Զարթնիր լաո...» մարզային փառատոնի ամփոփիչ փուլը կկայանա Ներքին Սասնաշեն համայնքում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Առաջընթաց» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզում անցկացնում է ազգագրական երգի և պարի համույթների մարզային «Զարթնիր լաո...» փառատոնը, որի նպատակն է աջակցել մարզի պարային խմբերին, անհատ կատարողներին, ակտիվացնել համայնքների մշակութային կյանքը՝ ներգրավելով երիտասարդ սերնդին: Միջոցառումներն անցկացվում են Նոր Արթիկ, Սասունիկ և Ներքին Սասնաշեն համայնքներում, որտեղ հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանից գաղթած՝ եղեռնից փրկվածների ժառանգները, ովքեր պահպանում են ազգային մշակութային ավանդույթները: «Զարթնիր լաո...» փառատոնի նախապատրաստական փուլում այցելություններ են կազմակերպվել մարզի համայնքներ. անցկացվել են նախնական լսումներ, հավաքագրվել են փառատոնի մասնակից անհատ կատարողներ և պարային համույթներ: Երգի փառատոնն անցկացվել է ս. թ. սեպտեմբերի 6-ին Նոր Արթիկ համայնքում, որին մասնակցել են 28 անհատ կատարողներ և մեկ երգչախումբ: Միջոցառումից առաջ մասնակիցները Թաթուլ գյուղում ծաղկեպսակ են դրել ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին: Սեպտեմբերի 17-ին Սասունիկ համայնքում տեղի է ունեցել ազգագրական պարի փառատոնը, որին մասնակցել են Արագածոտնի մարզի 10 պարային խմբեր: Փառատոնի ամփոփիչ փուլը կկայանա ս. թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00–ին, Ներքին Սասնաշեն համայնքում:

Նմանատիպ նյութեր