211652_close_icon
views-count1554 դիտում article-date 23:56 17-09-2014

«Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսը՝ Մետրոպոլիտեն թանգարանում

2014 թվականի սեպտեմբերի 15-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացվել է «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է Հայաստանի պատմության թանգարանը: Այս ցուցահանդեսը մի մեծ նախագծի շարունակություն է, որի երկու փուլերը կայացել են 2003 թ. «Առաջին քաղաքների արվեստը. Ք.ա. III հազարամյակը Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան» և 2008 թ. «Բաբելոնից անդին. արվեստը, առևտուրը և դիվանագիտությունը Ք. ա. II հազարամյակում» խորագրերով: Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել 2008 թվականին կայացած ցուցահանդեսին՝ բրոնզեդարյան մշակույթի եզակի նմուշով: Ներկայիս ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Արևմուտքի գեղարվեստական ավանդույթների ակունքներն ու զարգացումը, որոնց արմատները սերում են Հին Մերձավոր Արևելքի և Միջերկրականի երկրների մշակույթների փոխազադեցություններից Ք. ա. I հազարամյակում: Ցուցահանդեսում ներկայացված 300 նմուշները փոխառված են Արևմտյան Եվրոպայի, Կովկասի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների հայտնի թանգարաններից: Ցուցահանդեսին մասնակցում են 14 երկրների թանգարաններ` Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Փարիզի՝ Լուվրը, Բեռլինի պետական, Վատիկանի թանգարանները, Հայաստանի պատմության, Կահիրեի Հնությունների, Աթենքի Ազգային հնագիտական, Կիպրոսի ազգային, Հռոմի Էտրուսկների, Բեյրութի ազգային, Մետրոպոլիտենի արվեստի թանգարանները, ինչպես նաև թանգարաններ՝ Իսպանիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից: Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշներ, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ցուցադրության համար որպես բացառիկ և արժեքավոր վկայություն` հավաստելով հայկական մշակույթի մշտառկա դերը և նրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում: Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, հայկական բազմադարյան մշակույթի և արվեստի արժևորման և հանրահռչակման բացառիկ պատեհություն է: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2015 թվականի հունվարի 4-ը:

Նմանատիպ նյութեր