27135 դիտում
22:17 10-09-2014
Կողոպուտ և առանձնակի դաժանությամբ սպանություն Աբովյան քաղաքում․ կողոպտել և սպանել են 70֊ամյա կնոջը
Այսօր՝ սեպտեմբերի 10֊ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15․00֊ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա 4 շենքի 64 բնակարանի լոգարանում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ֊մայոր Արամ Զաքարյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Լ․ Սաֆարյանը, Կոտայքի մարզի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Բաղդասարյանը, Աբովյանի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը։ Ժամանել է նաև դատական բժիշկը, ով մահացածի դին զննելով՝ հայտնել է, որ մինչև կնոջը խեղդամահ անելը մարդասպանը բութ առարկայով 6 անգամ հարվածել է զոհի գլխին, այնուհետև հյուրասենյակից տեղափոխել է լոգարան և խեղդամահ արել։ Պարզվել է՝ մահացածը 70֊ամյա Ռաիսա Մարգարյանն էր։ Պարզվել է նաև, որ հանցագործը սպանությունը կատարելուց հետո ննջասենյակից հափշտակել է 250 հազար ՀՀ դրամ և ոսկյա զարդեր։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Ա․ Մակինյանը, ում հանձնարարականով քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ սպանության և կողոպուտի հատկանիշներով։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ֊հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձին հայտնաբերելու համար։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի