211652_close_icon
views-count1141 դիտում article-date 20:36 06-10-2026

Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշել է Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի ենթարկել

Հանրային հեռարձակողի խորհուրդը հոկտեմբերի 6-ին որոշել է Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի ենթարկել։

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ, 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ և 227-րդ հոդվածներով, ուսումնասիրելով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 27-ին «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրով ժամանցային բովանդակության հեռարձակման հանգամանքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է.

1. Նկատի ունենալով, որ Ընկերության գործադիր տնօրենն ապահովում է Ընկերության գործունեության պատշաճ ղեկավարումը, իսկ Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենն անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի դ) ենթակետով սահմանված պահանջի խախտման (մասնավորապես, Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ Ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը) համար Ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն։

2. Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում»։ 

Նմանատիպ նյութեր