211652_close_icon
views-count1693 դիտում article-date 11:05 06-10-2026

«Այս օրը լավագույն առիթն է արժևորելու «ժամանակի հետ երկխոսողներին»». Ճարտարապետներին պարգևատրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը

Ճարտարապետության համաշխարհային օրը Հայաստանի ճարտարապետների պալատում նշվել է ճարտարապետների պարգևատրմամբ և ցուցահանդեսի բացմամբ։ Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև ճարտարապետներ և ուսանողներ։ 

Շնորհավորելով ճարտարապետներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրի ներդրման համար։ «Այս օրը լավագույն առիթն է արժևորելու «ժամանակի հետ երկխոսողներին», քանի որ այն, ինչ ստեղծվում է ճարտարապետական մտքի արդյունքում, դառնում է մեր պատմությունը, ձևավորում մեր այսօրվա և վաղվա միջավայրը»,-նշել է Եղիազար Վարդանյանը: Նրա դիտարկմամբ այսօր աշխարհում ճարտարապետական օրակարգի առանցքում են մարդակենտրոնությունը, կանաչ ճարտարապետությունը, թվային տեխնոլոգիաների ինտեգրումը։ «Այս միտումներին համահունչ Քաղաքաշինության կոմիտեն նախանշում է առաջնահերթությունների օրակարգ, որն իրագործելու համար անհրաժեշտ են մրցունակ գաղափարներ առաջարկող և արդի թվային տեխնոլոգիաներին տիրապետող ճարտարապետներ»,-ընդգծել է կոմիտեի նախագահը, այնուհետև մասնագիտական տոնի առթիվ մի խումբ ճարտարապետների շնորհել կոմիտեի «Ալեքսանդր Թամանյան», «Մոմիկ ճարտարապետ», «Տրդատ ճարտարապետ», «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և շնորհակալագրեր։

Ճարտարապետներին շնորհավորել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը՝ հանձնելով համապատասխանաբար ԿԳՄՍՆ մեդալ և Երևանի քաղաքապետի պատվոգիր։

Մեդալ շնորհելու հնարավորություն է ունի արդեն նաև Հայաստանի ճարտարապետների պալատը։ Պալատի առաջին մեդալները ստացել են վաստակավոր ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչիկ Պողոսյանը, Մկրտիչ Մինասյանը և Աշոտ Ալեքսանյանը։

Գործընկերներին շնորհավորել է նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը։
Ճարտարապետների տոնը հատկանշվել է Հայաստանի ճարտարապետների պալատի կազմակերպած «Հուշարձաններ և քաղաքային բնապատկերներ» խորագրով ճարտարապետների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ։

Ճարտարապետության համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։

Քաղաքաշինության կոմիտեն

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր