211652_close_icon
views-count667 դիտում article-date 15:21 21-09-2026

Սարի թաղում մոտ 220 տան բնակիչներ 15 օր է ապրում են ահը սրտներում․ հսկայական փոսի պատճառով անգամ աղբատար ավտոմեքենան է կողաշրջվել, իսկ «Վեոլիա ջուր»-ն ու Էրեբունու թաղապետը քար անտարբերություն են ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Գրեթե 15 օրից ավելի է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ 18-րդ փողոցում խմելու ջրի խողովակի վնասումից հետո, ինչպես նշում էին բնակիչները, «Վեոլիա ջուր»-ն ու Էրեբունու թաղապետարանը ցուցաբերում են քար անտարբերություն։

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն իրենց վրդովմունքն էին ուղղում Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանին և «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ ասելով.

«Ով է տեսել, որ 21-րդ դարում քաղաքացու նկատմամբ ցուցաբերվի արհամարհական վերաբերմունք։ Մի՞թե արհամարհական վերաբերմունք չէ, երբ 15 օրից ավելի է դիմում ենք «Վեոլիա ջուր» ընկերություն, Էրեբունու թաղապետարան, սակայն սայլը տեղից չի շարժվում։

Խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ասֆալտը մարդաբոյ փոսի չափ բացվել ու նստվածք է տվել ու մինչև այսօր սպասում ենք, թե երբ են պատասխանատուները ժամանելու ու փոսը վերացնելու։ Անգամ Երևանի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան, որ ժամանել էր տների աղբը տեղափոխելու, հայտնվեց փոսում ու կողաշրջվեց։ Երջանիկ պատահականությամբ մարդիկ չտուժեցին, բայց դե ամեն անգամ հո պապը փլավ չի ուտի։ Ոչ թաղապետից ենք բան հասկանում, որ էլ «Վեոլիա ջրից»։ Տպավորություն է, թե երկվորյակներ են, մեկը մեկի վրա է գցում ու էս խնդիրը կամաց-կամաց դառնում է անլուծելի։

Հիմա հույսներս դնում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վրա, ում մեկ զանգը բավական է, որպեսզի թաղապետն անձամբ ժամանի այստեղ ու «Վեոլիա ջրի» հետ հարցը կարգավորեն։

Էդ ամբողջ ջրերը լցվում են մարդկանց տներ, որոնցից մի քանիսն արդեն դարձել են վթարային, մի քանի տան շինություններ փլուզվել են, իսկ մի քանիսն էլ փլուզման եզրին են։ 

Խնդրում ենք Տ. Ավինյանին, որ միջոցներ ձեռնարկի ու պարտավորեցնի թաղապետին, որպեսզի աշխատի ի շահ բնակչի, թե չէ ստիպված էս ամբողջ փողոցի բնակիչներով, որտեղ մոտ 220 տուն կա, բողոքի ակցիաներ ենք իրականացնելու և Երևանի քաղաքապետարանի դիմաց, և ՀՀ Կառավարության»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երկար տարիներ է Սարի թաղի 18 փողոցի մի քանի տների բնակիչներ ամեն օր գիշերում են ահը սրտներում։

2022թ․ նոյեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել էին․ «Մի քանի տարի է մեր տների տակով կասկածելի ջուր է հոսում։ Չգիտենք՝ խմելու է, ոռոգման է, թե կոյուղու։ Բայց մեր կարծիքով՝ խմելու ջուր է, քանի որ հոսելու ընթացքում տեսնում ենք, որ բավականին զուլալ է։ Բայց այդ զուլալ ջուրը բազմաթիվ տների բնակիչների համար դարձել է իսկական փորձանք։ 

Տներում ինչքան երեխաներ կան, ստիպված տեղափոխել ենք մեր բարեկամների տները, որովհետև չգիտենք՝ կլուսացնենք, թե ոչ։

Խնդրի մասին դիմել ենք ում ասես։ Է՛լ Էրեբունու թաղապետարան, է՛լ Վեոլիա Ջուր, է՛լ թեժ գիծ, բայց ոչ մի տեղից դրական պատասխան չենք ստացել, որ գոնե՝ մեր դարդին դարման կլինեն։ 

Վեոլիա Ջուրն ասում է՝ մեր ֆունկցիան չէ։ Թաղապետարանն էլ ասում է՝ Վեոլիա Ջրի ֆունկցիան է։

Մինչ նշված անձինք իրար վրա են գցում հարցի լուծման խնդիրը, տներ է, որ փլվում են։

Մենք գիտենք՝ մի քանի ժամվա խնդիր է։ Գոնե այս անգամ բնակիչներիս փրկեն աղետից։ Աղետ չի, բա ի՞նչ ա։ Տները մեր աչքի առաջ փլվում են»։ 

Բնակիչների ահազանգով՝ օպերատվորեն ժամանել էին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալի աշխատակիցները, ովքեր տեղում ծանոթացել էին խնդրին ու խոստացել, որ իրավիճակի մասին կտեղեկացնեն վարչական շրջանի ղեկավարին, ով էլ, երևի, հերթական անգամ խնդիրը կներկայացներ քաղաքային իշխանություններին, ովքեր էլ, երևի, հարցը վերջնականապես կլուծեին։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր