211652_close_icon
views-count649 դիտում article-date 10:20 10-09-2026

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը ստանձնել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործի վարույթը և 2026թ. սեպտեմբերի 18-ին նշանակել նախնական դատալսումներ։

Նիստը հրավիրվել է դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 15:00-ին։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Հակոբ Մանուկյանն ու Սերժ Ռուշանյանն արդեն հրաժարվել են քննել այս գործը։ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այդ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը։ Իսկ Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ գործը պետք է քննվի Երևանում։ Արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ որոշել էր գործն ուղարկել Վճռաբեկ՝ որոշելու, թե որ դատարանում գործը պետք է քննվի։

Արդյունքում Վճռաբեկի որոշմամբ, գործը նորից ստանձնել է Ռուշանյանը։

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նմանատիպ նյութեր