211652_close_icon
views-count475 դիտում article-date 15:30 23-08-2026

Լիտվան ուժեղացրել է Վիլնյուսի ՀՕՊ-ը NASAMS համալիրով՝ անօդաչուների ներխուժումների հաճախացման ֆոնին

Լիտվան ուժեղացրել է օդային տարածքի պաշտպանությունը Վիլնյուսի շրջանում՝ մայրաքաղաքի մատույցներում տեղակայելով միջին հեռահարության NASAMS զենիթահրթիռային համալիր։ Այն փոխարինել է նախկինում կիրառվող կարճ հեռահարության RBS-70 համալիրին, հաղորդում է LRT-ն։

Ինչպես BNS-ին տված հարցազրույցում հայտնել է Լիտվայի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ռայմունդաս Վայկշնորասը, փոխարինման շնորհիվ Վիլնյուսի պաշտպանության համակարգը դարձել է ավելի արդյունավետ և ստացել է ավելի մեծ գործողության շառավիղ։ NASAMS-ի մարտական հերթապահության մեկնարկի հստակ ամսաթիվը նա չի նշել։

Ըստ Վայկշնորասի, համալիրի տեղակայումը դարձել է հակաօդային պաշտպանության ուժեղացման քայլերից մեկը՝ ՆԱՏՕ-ի արևելյան երկրների օդային տարածք անօդաչու թռչող սարքերի բազմակի ներթափանցումների ֆոնին։

«Այսօր Վիլնյուսի մատույցները պաշտպանված են շատ ավելի արդյունավետ, ավելի հզոր և ավելի մեծ հեռահարությամբ»,- ասել է հրամանատարը։

Նա նշել է, որ NASAMS-ը թույլ է տալիս ավելի արագ հայտնաբերել և ոչնչացնել թիրախները ավելի մեծ հեռավորության վրա։ Միաժամանակ Վայկշնորասը խոստովանել է, որ համեմատաբար էժան անօդաչուների դեմ թանկարժեք հրթիռների կիրառումը կարող է հարցեր առաջացնել, սակայն քանի դեռ Լիտվան չունի ավելի հարմար միջոցներ, NASAMS-ը մնում է առավել ճկուն տարբերակներից մեկը։

«NASAMS-ը մեզ տալիս է արագություն, հեռահարություն և ճշգրտություն», — ընդգծել է գեներալը։

Վերջին անգամ անօդաչու թռչող սարքը Լիտվայի օդային տարածք էր ներթափանցել մայիսին։ Անցած շաբաթ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել Լատվիայում․ անօդաչուն խոցվել էր ՆԱՏՕ-ի կործանիչի կողմից, որը օդ էր բարձրացել Շյաուլյայի ավիաբազայից։

Ներկայումս Լիտվան ունի NASAMS-ի երկու մարտկոց։ Երկիրը հույս ունի երրորդը ստանալ 2028 թվականին։
 

Նմանատիպ նյութեր