211652_close_icon
views-count2623 դիտում article-date 21:27 11-08-2026

Ողբերգական դեպք և ավտովթար՝ Երևանում․ թիվ 67 երթուղու «Zhongtong» մակնիշի ավտոբուսում ուղևորը մահացել է, իսկ նրան օգնություն ցուցաբերելու ժամանակ ավտոբուսը ինքնաբերաբար շարժվել ու բախվել է շտապօգնության «Mercedes»-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք ու ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում, թիվ 27 հասցեի դիմաց, թիվ 67 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մեջ քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փորձել բուժօգնություն ցուցաբերել քաղաքացուն, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։

Երբ շտապօգնության բժիշկները քաղաքացուն առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ավտոբուսը ինքնաբերաբար շարժվել է առաջ և բախվել շտապօգնության «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Դանիելյանը և Հովսեփ Հովսեփյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Քաղաքացու մահվան դեպքով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացածի ինքնությունը, իսկ վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզվում են վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր