211652_close_icon
views-count268 դիտում article-date 22:05 06-08-2026

ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները

Օգոստոսի 5-ին Նայրոբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է COP17-ին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու տեսլականը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է Նայրոբիում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի օժանդակ մարմինների (SBSTTA-28, SBI-7) նիստերի շրջանակներում ընթացող քննարկումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը COP17-ի ընթացքում արդյունավետ և կառուցողական բանակցությունների ապահովման համար:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ COP17-ը կունենա առանցքային նշանակություն Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման առաջընթացի առաջին գլոբալ վերանայման, ձեռքբերումների գնահատման, առկա բացերի վերհանման և հետագա քայլերի նախանշման տեսանկյունից։

Ներկայացնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու բաց, թափանցիկ և ներառական բանակցային գործընթաց՝ հիմնված փոխվստահության, համագործակցության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունը հրավիրել է COP17-ին ընդառաջ՝ հոկտեմբերի 16-ին կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում նախատեսված բարձրաստիճան նախարարական հատվածին։ Ընդգծվել է միջոցառումների շրջանակներում բարձր մակարդակով մասնակցության ապահովման կարևորությունը՝ կենսաբազմազանության օրակարգին անհրաժեշտ քաղաքական խթան հաղորդելու և գործնական արդյունքների հասնելու նպատակով։

Եզրափակելով ելույթը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ միջազգային հանրության առջև ծառացած գլխավոր մարտահրավերը ոչ թե նոր հավակնությունների ձևակերպումն է, այլ արդեն իսկ ստանձնած հանձնառությունների գործնական իրականացումը, և հենց այս մոտեցումն է արտացոլված Հայաստանի նախագահության «Գործելով հանուն բնության» կարգախոսում։

 

Նմանատիպ նյութեր