211652_close_icon
views-count5128 դիտում article-date 14:56 27-07-2026

Պարզվել է երեկ Արարատի մարզի Այգավանի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 26-ին, Արարատի մարզում՝ Այգավանի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով ավտոմեքենաների վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Վեդիի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ «Toyota»-ն վարել է Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Է․-ն, «ՎԱԶ 2114»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ռ․-ն, իսկ «Volkswagen»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արմեն Ս․-ն, ինչի հետևանքով վերջինը հարվածել է ճամփեզրով անցնող գազատար խողովակին և հրդեհ է բռնկվել։

Վթարի հետևանքով Արմեն Ս․-ն, ուղևորուհիներ՝ Արարատի մարզի բնակիչներ 61-ամյա Բելա Թ․-ն և 56-ամյա Սեդա Թ․-ն մահացել են, իսկ ուղևորուհի՝ Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Անի Խ․-ն և վարորդներից Արսեն Է․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Հարություն Ռ․-ն և ուղևորուհի՝ Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Աննա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝  հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան բնակավայրի կամրջի վրա, բախվել էին «Toyota», «Volkswagen» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ էր բռնկվել։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները, մարելով «Volkswagen»-ում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել էին քաղաքացիների 3 մոխրացած մարմին։

Վթար-հրդեհի հետևանքով 3 հոգի էլ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալի, Վեդիի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Վեդիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր