211652_close_icon

Պարզվել է երեկ Ճամբարակում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյուն-փլուզումի հետևանքով մահացածների և վիրավորում ստացած քաղաքացիների ինքնությունը․ վիրավորների մեջ կան նաև անչափահասներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count44719 դիտում article-date 09:30 12-06-2025
Երեկ՝ հունիսի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ՝ Կամո Ցուցուլյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ  Գագիկ Այվազյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները, Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետների խումբը պարզել են, որ նույն օրը ժամը 08։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքի 1-ին շքամուտքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից առաջացել է պայթյուն և փլուզում, որի հետևանքով նույն շենքի բնակիչներ՝ 42-ամյա Գուժ Կարապետյանը, 43-ամյա Հռիփսիմե Ավետիսյանը, 13-ամյա Կարեն Կարապետյանը, 68-ամյա Կարապետ Կարինյանը, 78-ամյա Սվետլանա Մկրտումյանը, 48-ամյա Նաիրա Հարությունյանը, 63-ամյա Անուշ Մարտիրոսյանը, 50-ամյա Անուշ Բաբայանը, 6-ամյա Վաչագան Շահբազյանը , 9-ամյա Կարեն Շահբազյանը և 13-ամյա Անի Խչոյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ փլատակների տակից դուրս են բերվել 87-ամյա Ռոզա Վարդանյանի, 89-ամյա Ռոզա Մովսեսյանի, 61-ամյա Հրաչյա Լազարյանի, 76-ամյա Հռիփսիմե Սարգսյանի և 54-ամյա Արթուր  Սարգսյանի դիերը:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,  հունիսի 11-ին ողբերգական պայթյուն և փլուզում էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել: 

Օպերատիվորեն ժամանել էին Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: 

Դեպքի վայր էին  ժամանել նաև ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:
 
Պարզվել էր, որ նշված շենքի հարկերից մեկում պայթյուն-փլուզում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ կար մոտ 10 վիրավոր և 4 անհետ կորած: 
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ էին  գործել Ճամբարակի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու փրկարարները: 
 
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտայի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Հրաչյա Գևորգյանի և Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ: 

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2-րդ խումբը՝ կինոլոգներով: 
 
Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննական խումբը՝ վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Աբրահամյանի, Վանիկ Վարդանյանի, Դավիթ Զիրոյանի, Նվեր Մկոյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին տեղեկանալով՝ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարականով՝ ժամանել էին մարզպետարանի ներկայացուցիչները, տեղում էր նաև Ճամբարակի քաղաքապետը: 

Դեպքի վայր էին ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի քրեական վարչության պետը: 

Փրկարարական աշխատանքներին էին միացել նաև Սևանի և Շամշադինի հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած 20-ից ավելի փրկարարներ:  
 
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 978+
978+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր