211652_close_icon
views-count1765 դիտում article-date 17:05 24-07-2026

Երևանում՝ Շիրակի փողոցում, մեկ օրից ավելի խմելու ջրի կորուստը վերացվեց Տիգրան Ավինյանի մեկ զանգից հետո. այս անգամ «Վեոլիա ջուր»-ն ու Շենգավիթի թաղապետարանը օպերատիվ գործեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ ու տեսանյութ էր հրապարակել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում՝ ձիարշավարանից դեպի աերացիա տանող հատվածում, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով մեկ օր շարունակ ջրի կորստի և վնասված դիտահորի մասին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վեոլիա ջուր» ընկերությունն ու Շենգավիթի թաղապետարանը շատ արագ արձագանքեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքին, ու մի քանի ժամվա ընթացքում «Վեոլիա ջուր»-ը վերացրեց վթարը և աշխատանքներ իրականացրեց դիտահորը վերանորոգելու համար։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետարանին, «Վեոլիա ջրին» ու Շենգավիթի թաղապետարանին, բայց նաև խնդրում էին, որ նման դեպքերում «Վեոլիա ջուր»-ը արագ արձագանքի, քանի որ դանդաղ աշխատելու արդյունքում ջրի հսկայական կորուստ է լինում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHASHMYAN.com -ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում՝ ժողովրդին հայտնի ձիարշավարանից դեպի աերացիա տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս էր գալիս և մի քանի կիլոմետր հոսում էր։Բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին. «Առավոտվանից վթարվել է ջրախողովակը, ինչի պատճառով դիտահորը նստվածք է տվել։ Առավոտից զանգահարել ենք «Վեոլիա Ջուր» ու Շենգավիթի թաղապետարան, սակայն ոչ մի արդյունք։

Էդ կառույցների անպատասխանատու ու փնթի աշխատանքի պատճառով խմելու ջուրը էսպես գնում, կորում է, չեն էլ անհանգստանում դրա համար։ Հիմա հետաքրքիր է՝ ո՞վ է պատասխան տալու այն արհամարհական վերաբերմունքի համար, որ ցուցաբերվում է բնության հարստություններից մեկի՝ ջրի կորստի նկատմամբ։ Հիմա եթե մի բնակիչ մեկ ժամ ուշ վճարումը կատարի, պատկերացնում ենք՝ ինչ իրարանցում կառաջանա «Վեոլիա Ջրի» մոտ. վայրկյաններ հետո այդ սպառողը կջրազրկվի։ Բա որ երկրորդ օրն է արդեն ջուրը գնում, կորում է, ո՞վ է պատասխան տալու։

Հույս չունենք ոչ «Վեոլիա Ջրից», ոչ էլ Շենգավիթի թաղապետարանից, դրա համար ցանկանում ենք, որ միջամտի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, և հնարավոր է՝ այդ ժամանակ սայլը տեղից շարժվի։ Էլ չենք ասում, որ հիմնականում մութ ժամերին ավտոմեքենաները ընկնում են այդ նստվածք ստացած դիտահորի փոսի մեջ և վնասվում»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր