211652_close_icon
views-count421 դիտում article-date 20:09 18-07-2026

Բելգիայում շոգի պատճառով մահացության ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել

Հանրային առողջապահության Sciensano ինստիտուտի հրապարակած թարմացված տվյալների համաձայն՝ Բելգիայում հունիսի վերջին և հուլիսի սկզբին անոմալ շոգի ընթացքում գրանցվել է մոտ 2 000-ով ավելի մահ, քան սպասվում էր, հաղորդել է The Brussels Times-ը։

Վերանայված տվյալները ցույց են տալիս 48 տոկոս ավելցուկային մահացություն, ինչն ավելի բարձր է, քան անցյալ շաբաթ գրանցված 1 747 դեպքի ցուցանիշը։

Sciensano ինստիտուտն աճը բացատրել է երկու գործոնով։ Մահվան որոշ դեպքեր գրանցվում են ուշացումով, ինչպես նաև ինստիտուտը վերլուծության ժամանակահատվածը երկարացրել է երկու օրով՝ պարզելով, որ մահացությունը շարունակում էր զգալիորեն բարձր մնալ անոմալ շոգի սպասված ավարտից հետո չորրորդ և հինգերորդ օրերին։

Թարմացված տվյալներն ընդգրկում են հունիսի 18-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածը։

Վալոնիան ամենաշատ տուժած տարածաշրջանն է եղել, որտեղ գրանցվել է 77 տոկոս ավելցուկային մահացություն, ինչը համարժեք է 1 059 լրացուցիչ մահվան։

Բրյուսելում գրանցվել է 63 տոկոս աճ, ինչը կազմում է 188 լրացուցիչ մահ, իսկ Ֆլանդրիայում՝ 31 տոկոս, ինչը համապատասխանում է 768 լրացուցիչ մահվան։

Անցյալ շաբաթ Sciensano կազմակերպությունը հայտարարել էր, որ շոգի պատճառով Բելգիայում գրանցվել է ավելցուկային մահացության ամենաբարձր մակարդակը դիտարկումների ողջ պատմության ընթացքում՝ 2000 թվականից ի վեր։

Համեմատության համար՝ 2020 թվականի օգոստոսի շոգը հանգեցրել էր 37,5 տոկոս ավելցուկային մահացության կամ 1 557 լրացուցիչ մահվան։

Նմանատիպ նյութեր