211652_close_icon
views-count1186 դիտում article-date 19:07 08-07-2026

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանում․ երկու դիտահորերից դուրս թափվող կեղտաջրերը ողողել են ամբողջ փողոցը․ «Վեոլիա Ջուր»-ը հրաժարվում է «մատը մատին տալ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մարկվարտի փողոցի 85/1 շենքի և հարակից սեփական տների բնակիչներն արդեն մի քանի տարի է՝ հայտնվել են իսկական կոմունալ ու հակասանիտարական դժոխքում։ Պատճառը նշված շենքի հարևանությամբ գտնվող երկու դիտահորերն են, որոնցից դուրս եկող կեղտաջրերն ու կոյուղատարի թափոններն անարգել հոսում են ամբողջ փողոցով՝ տարածելով գարշահոտություն, ապա լցվում են անմիջապես մարդկանց սեփական տների բակերն ու նկուղները։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները, չթաքցնելով իրենց հուսահատությունն ու արդարացի զայրույթը, պատմում էին, որ այս աղետալի պատկերը պարբերաբար կրկնվում է, իսկ պատասխանատու կառույցների, մասնավորապես՝ «Վեոլիա Ջուր» ընկերության անտարբերությունը պարզապես սահմաններ չունի։

«Տարիներ շարունակ այս խնդիրը պարբերաբար կրկնվում է։ Ամեն անգամ դիմում ենք «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն նրանք հրաժարվում են մատը մատին տալ։ Վերջին շրջանում անգամ մեր զանգերին չեն պատասխանում։ Պարզապես արհամարհում են սեփական բաժանորդներին, որոնցից, սակայն, կանոնավոր կերպով ջրի վարձ են գանձում»,- վրդովված նշում էին բնակիչները։

Նրանց խոսքով՝ խնդրին որոշ չափով փորձում է արձագանքել թաղապետարանը՝ իր հնարավորությունների սահմաններում, սակայն հիմնական բեռը մնացել է հենց բնակիչների ուսերին։

«Ստիպված ենք մեր գրպանից ամեն անգամ մի կլորիկ գումար հավաքել, սեփական միջոցներով մասնավոր տեխնիկա ու բանվորներ վարձել, որպեսզի գան և խնդիրը ժամանակավորապես լուծեն։ Իսկ «Վեոլիա Ջուրը» երևի սպասում է, որ իր փոխարեն միշտ քաղաքացիները պետք է աշխատեն»։

Ստեղծված իրավիճակի պատճառով Մարկվարտի փողոցում իսկական հակասանիտարական վիճակ է։ Տարածքում տարածված է սաստիկ, խեղդող գարշահոտություն, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում անգամ տան լուսամուտները բացել կամ երեխաներին դուրս բերել բակ՝ զբոսնելու։ Փողոցով քայլելն արդեն իսկ վերածվել է իսկական «փորձության», քանի որ ստիպված են անցնել կեղտաջրերի միջով, իսկ տարածքը դարձել է վարակների տարածման օջախ։

Բնակիչները հույս ունեն, որ «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունը վերջապես դուրս կգա թմբիրից, կհիշի իր ուղղակի պարտականությունները և տարիներով կուտակված այս խնդրին կտա վերջնական ու արմատական լուծում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր