211652_close_icon
views-count52983 դիտում article-date 22:10 30-05-2024

Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ՝ Սևան քաղաքում. դիտահորերից թափվող կեղտաջրերը մի իսկական պատուհաս են դարձել «Վեոլիա ջրին» կանոնավոր վճարումներ կատարող բազմաթիվ բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Սևան քաղաքի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա ջրին»՝ ասելով, որ 1.5 տարուց ավելի է՝ չեն կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ովքեր են պատասխանատու Նալբանդյան փողոցում տիրող հակասանիտարական վիճակի համար։

Այսօր՝ մայիսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «1.5 - 2 տարի է՝ այս խնդիրը կա, ում ասես դիմել ենք, էլ Գեղարքունիքի մարզպետարան, էլ Սևանի քաղաքապետարան, էլ «Վեոլիա ջուր», մնում է դիմենք Աստծուն, որ էս խնդիրը լուծվի։ Կեղտաջրերը դիտահորերից դուրս են գալիս ու հոսում փողոցով մեկ։ Շենքերի նկուղների մասին խոսք չկա. մեծ թվով շենքերի պադվալներ լցվել են կեղտաջրով։ «Վեոլիա ջուրը» ոչինչ չի անում, վճարումներն էլ կանոնավոր կատարում ենք, մեկ օր վճարումը ուշացնենք, «Վեոլիա ջուրը» մեզ օդերով կհանի, ջուրը կկտրի մեր վրա։ Բա սրա պատասխանատուն ո՞վ է լինելու, ո՞ւմ դուռը գնանք, որ էս հակասանիտարական վիճակի դեմը վերջապես առնեն։

Վերջերս Լոռու և Տավուշի մարզերում այդ ահավոր ջրհեղեղից հետո որոշ համայնքներ կառավարությունը հայտարարեց աղետի գոտի, էդ դեպքում էս մեր Սևան քաղաքի Նալբանդյան փողոցն էլ խորհուրդ ենք տալիս կառավարությանը հայտարարել խոլերայի գոտի։ Ամեն վայրկյան դրա վտանգը կա, էլ չենք ասում, որ օրերը երբ տաքանան, հարյուրավոր մետրերից հոտը կխեղդի։ Ի՞նչ անենք, գոնե մեկնումեկը կարողանա ազդի «Վեոլիա ջրի» վրա, որ էս ահավոր վճակից մեզ փրկեն։

Իմացել ենք, որ Սևանի քաղաքապետը ինչ հնարավոր է, փորձում է անել, բայց դա իր ուժերից վեր է, հիմնական կատարողը «Վեոլիա ջուրն» է, ով, մենակ թողնես, փողերը հավաքի։

Մի անգամ նույնիսկ դիմեցինք ծայրահեղ միջոցի՝ ճանապարհ փակեցինք, «Վեոլիա ջրից» ու քաղաքապետարանից եկան, էդ ժամանակ «Վեոլիա ջուրը» խոստացավ, թե ամեն ինչ կանեն, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը լուծվի, մենք էլ ոգևորվեցինք, ուրախացանք, որ վերջապես մեր ձայնը լսելի դարձավ։ Անցել է արդեն մի քանի օր, բայց վիճակը դեռ նույնն է։ Հիմա որ նորից դիմենք ծայրահեղ միջոցի, կասեն՝ էս մարդիկ խանգարվել են։ Իրականում ոչ թե մենք ենք խանգարվել, այլ որոշ չինովնիկներ, որ իրենց կաբինետներում նստած մեր՝ հարկատուներիս հաշվին իրենց «թափաններն» են լցնում։

Ամոթ է 21-րդ դարում նման վիճակ»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը արդեն դիմել է կառավարություն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խիստ հանձնարարականով պատասխանատուները կարծես թե խորը քնից դուրս են եկել ու առաջիկայում սկսելու են մոտ 1 կիլոմետր երկարությամբ կոյուղատարերը նորով փոխարինելու աշխատանքները։

Հուսով ենք, որ գոնե այս անգամ քաղաքացին, ով պարտաճանաչ հարկատու է, չի խաբվի և Գ. Սանոսյանի խիստ հանձնարարականը իր դրական արդյունքը կտա։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր