211652_close_icon
views-count1222 դիտում article-date 16:45 25-06-2026

Տարիներ շարունակ Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն փողոցի հարյուրավոր բնակիչներ ապրում են ահը սրտներում. պատճառը քամու ժամանակ «հոգին տվող» էլեկտրալարերն են, որոնցից կայծեր են առաջանում, և ժամերով մի ամբողջ թաղամաս զրկվում է հոսանքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Երկար տարիներ է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն 1-ին փողոցի բնակիչները չեն կարողանում ստանալ իրենց հուզող հարցի պատասխանը, որը կապված է առաջին հերթին իրենց անվտանգության հետ։

Այսօր՝ հունիսի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում ու իրենց խնդրանքն էին ուղղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին՝ ասելով, որ մի ամբողջ փողոց, որտեղ ապրում են 100-ից ավելի բնակիչներ, փրկեն հոսանքահարվելուց ու հրդեհից։

Բնակիչները իրենց խոսքում ասում էին. «Երբ մի թեթև քամի է լինում, էս մեր փողոցում լարերը էնպես են կպնում իրար ու կայծեր առաջացնում, որ քեզ թվում է՝ ինչ-որ հարսանիքի ես մասնակցում, որի ժամանակ փեսայի ու հարսի պատվին սալյուտներ են բաց թողնում։ Այդ կայծերն անգամ 200-300 մետրից են տեսանելի։ Եղել են նաև դեպքեր, որ դրա պատճառով մարդիկ վնասներ են կրել, մասնավորապես՝ սառնարաններ, համակարգիչներ և այլ էլեկտրատեխնիկա է վնասվել, ու ոչ մի անգամ ոչ մի փոխհատուցում չենք ստացել։ 

Նույնիսկ ամաչել ենք դրա համար բողոքել։ Բայց հիմա վերջին շաբաթներին, երբ քամիները ավելի են հաճախակիացել ու ավելի ուժգին են, ստիպված արդեն դիմում ենք պատկան մարմիններին, որպեսզի էս խնդիրը լուծեն։ Իսկ խնդիրը կլուծվի, եթե պատասխանատուները բարի կամք դրսևորեն ու հիշեն, որ իրենց այդ քայլով մարդկային կյանքեր են փրկվելու։ Պիտի էլեկտրասյունը և էլեկտրալարերը փոխվեն և որ ամենավտանգավորն է, այդ էլեկտրալարերն անցնում են մի ամբողջ թաղամաս սպասարկող գազի բաշխիչ կայանի վրայով»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր