211652_close_icon
views-count565 դիտում article-date 12:04 17-06-2026

ՀԴՄ կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտումներ. ՊԵԿ–ի ամփոփումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը:

Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության  կողմից 2026 թվականի մայիս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները։

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 216 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է  68.5 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 30 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 8.1 մլն դրամ,

հանրային սննդի ոլորտում՝ 26 խախտում, տուգանքի չափը՝ 14.6 մլն դրամ,

հագուստի, կոշիկի  և գործվածքների առևտրի ոլորտում՝ 20 խախտում, տուգանքի չափը՝ 4.7 մլն դրամ,

մթերային խանութներում՝ 19 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 5.6 մլն դրամ,

ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում՝ 14 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 3.3 մլն դրամ,

հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 14 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 4.2 մլն դրամ,

ավտոտեխսպասարկման ծառայության ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ 2.6 մլն դրամ,

մսամթերքի առևտրի ոլորտում՝ 10 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 2.3 մլն դրամ,

շինանյութի առևտրի ոլորտում՝ 9 խախտում, տուգանքի չափը՝ 2 մլն դրամ,

այլ ոլորտներում՝ 63 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 21.1 մլն դրամ։    

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև  վարձու աշխատողի չձևակերպման 46 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է  189, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 47.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են, մասնավորապես,

հանրային սնունդ ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 26, տուգանքի չափը՝ 6.5 մլն դրամ,

մթերային խանութի ոլորտում՝ 5 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 15, տուգանքի չափը՝ շուրջ 3.8 մլն դրամ,

այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 32 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 148, տուգանքի չափը՝ 37 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով  հարկ վճարողների մոտ արձանագրվել է  16 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.2 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

ավտոտեխսպասարկման ծառայության ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.2 մլն դրամ,

մթերային խանութի առևտրի ոլորտում ՝ 2 խախտում, տուգանքի չափը՝ 600 հազ դրամ,

այլ ոլորտներում՝ 10 խախտում, տուգանքի չափը՝ 3.4 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները: ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Նմանատիպ նյութեր