211652_close_icon
views-count835 դիտում article-date 12:12 03-06-2026

Օհանավանից դեպի Հովհաննավանք տանող՝ վթարների վայր դարձած անբարեկարգ ճանապարհին առկա խոչընդոտները Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի գլխավորությամբ վերացվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը մայիսի 30-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Օհանավան բնակավայրից դեպի Հովհաննավանք տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին, որը վտանգավոր իրավիճակներ էր ստեղծում թե՛ հետիոտների, թե՛ վարորդների համար, անգամ զբոսաշրջիկներն էին իրենց մտահոգությունը հայտնել, որ այս պայմաններում հնարավոր չէ հասնել Հովհաննավանք։

Այսօր՝ հունիսի 3-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի գլխավորությամբ Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, չսպասելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, թե երբ կբարեհաճեն վերացնել թերությունը, իրենք սկսեցին ժամանակավորապես լուծում տալ խնդրին։

Այդ տարածքում պետք է ոռոգման համար անցկացվի ջրախողովակ, և հայտարարվել է մրցույթ, որը ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն շահող կազմակերպությունն ընդունել է, և առաջիկայում այդ գործը կյանքի է կոչելու։

Իսկ երեկ՝ հունիսի 2-ին, նշված վայր է ժամանել Աշտարակի քաղաքապետ Թ. Շահվերդյանը, որից հետո ժամանակավորապես տարածքը կարգի բերվեց, մինչև մրցույթը շահած ընկերությունը աշխատանքները սկսի։

Այս պահին Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցների շնորհիվ հարցը մասամբ կարելի է ասել լուծվեց, և երթևեկության համար խոչընդոտները վերացվել են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երբ 6 ամիս առաջ Արագածոտնի մարզի Օհանավան բնակավայրում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ սկսվել էին ճանապարհների ասֆալտապատման, որոշ հատվածներում՝ հիմնանորոգման աշխատանքները, բնակիչները մեծ ոգևորություն էին ապրել։

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր էր ստանում ոչ միայն Օհանավան բնակավայրի բնակիչներից, այլ նաև Հովհաննավանք մեկնող ուխտավորներից ու զբոսաշրջիկներից, ովքեր արդարացիորեն ասում էին, որ 6 ամիս էր՝ մի քանի մետր հեռավորություն ունեցող ճանապարհն իրենք անցնում էին մեծ դժվարությամբ։

Մայիսի 30-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 

«6 ամիս, ու ամեն օր սպասում ենք, թե երբ են իրենց բռնած լավ գործն ավարտին հասցնելու։ Հիմա չգիտենք՝ որ կառույցին դիմենք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՞ն, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի՞ն, թե՞ Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին, որպեսզի վերջապես խելք խելքի տան ու լուծեն անլուծելի թվացող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում աշխատանք սկսես ու վերջում, էն որ ասում են՝ Նաջարյանը փոշմանել է, կիսատ թողնես։ Այս օրերին նաև զբոսաշրջիկների մեծ հոսք կա։ Անգամ գերմանացի զբոսաշրջիկները մեզ բողոքում էին, թե ինչի պիտի վանք էսպիսի խորդուբորդ, վտանգավոր ճանապարհով գնան։ Զարմացել էին էդ մարդիկ, բայց դե երևի կհամակերպվեն այն մտքի հետ, որ սա Հայաստանն է, վանքեր ու եկեղեցիներ գնալուց պիտի անցնես Գողգոթայի ճանապարհով»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում էր ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, սակայն թե ինչու էին գործն անավարտ թողել, կարծես գլուխկոտրուկ լիներ, որի պատասխանը միայն իրենք գիտեին։

Ու  բնակիչները դիմել էին Արագածոտնի մարզպետին, Աշտարակի քաղաքապետին, որպեսզի միջամտեին՝ գործը շատ արագ ավարտին հասցվեր։

Բնակիչները նաև նշել էին, որ գիշերային ժամերին այդ հատվածում մի քանի դեպքեր էին եղել, երբ ավտոմեքենաները հայտնվել էին փոսում ու կողաշրջվել. բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չէին եղել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր