211652_close_icon
views-count125795 դիտում article-date 11:38 13-12-2022

Սպանություն Չարենցավան քաղաքում․ բարձրահարկ շենքի աստիճանների վրա հայտնաբերվել են տղամարդու դի և արնանման հետքեր․ ոստիկանները տաք հետքերով սպանություն կատարող կասկածյալին ու հանցագործության գործիք-դանակը հայտնաբերել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկը, որտեղ աստիճանների վրա հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մաթևոսյանը և ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քնչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի մուտքի 2-րդ հարկից դեպի 3-րդ հարկ բարձրացող աստիճանների վրա հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 62-ամյա Գ․ Նաղդալյանի դին։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել  նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գրիգորյանը։

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 12։40-ի սահմաններում Գ․ Նաղդալյանի և նույն շենքի բնակիչ 30-ամյա Ա․ Բադալյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Գ․ Նաղդալյանի ձախ ազդրին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ 

Կոտայքի մարզի ոստիկանները տաք հետքերով՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասում հայտնաբերել են կասկածյալ Ա․ Բադալյանին, ում մոտ նաև հայտնաբերվել է հանցագործության գործիք-դանակը։ Վերջինս ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և Ա․ Բադալյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր