211652_close_icon
views-count247 դիտում article-date 13:59 30-04-2026

«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում: Նշվում է, որ չնայած Հայաստանի բազմազան մեդիա դաշտին, այն շարունակում է մնալ բևեռացված։

«Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքով»,- գնահատել է միջազգային կազմակերպությունը:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում հաճախ արժեզրկվում է և ենթարկվում ատելության խոսքի, քաղաքական գործիչները լրագրողներին մեղադրում են կոռուպցիայի կամ իրենց հակառակորդների շահերը սպասարկելու մեջ:

«Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում»,- ասված է զեկույցում: Իրավապաշտպանները նկատում են, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում դիրքերն ավելի է վատթարացրել հարևան Վրաստանը՝ 114-րդ տեղից իջնելով 135-րդը: Ադրբեջանը 171-րդ տեղում է, Թուրքիան՝ 163-րդ:

Նմանատիպ նյութեր