211652_close_icon

Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով հետխորհրդային երկրների շրջանում ամենամեծ աճն է գրանցել. «Լրագրողներ առանց սահմանների»

views-count517 դիտում article-date 21:48 02-05-2025
Աշխարհում խոսքի ազատությունը գտնվում է պատմականորեն ամենացածր մակարդակի վրա. այսպես է սկսվում «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության ամենամյա մամուլի ազատության վարկանիշը՝ հիմնված 5 հիմնական չափանիշի վրա՝ քաղաքական համատեքստ, իրավական դաշտ, մեդիայի տնտեսական միջավայր, սոցիալամշակութային ֆոն և լրագրողների անվտանգության աստիճան։

Վարկանիշում ընդգրկված 180 երկրների և տարածքների թվում 90-ում լրագրողների համար իրավիճակը գնահատվում է որպես «բարդ» կամ «շատ լուրջ»։ Հիմնական պատճառներից են՝ անվտանգության անկայուն իրավիճակը, աճող ավտորիտար միտումները և հատկապես՝ մեդիայի նկատմամբ տնտեսական ճնշումները։ Զեկույցի համաձայն՝ ամբողջ աշխարհում խմբագրությունները կանգնած են դժվար ընտրության առաջ՝ պայքարել անկախության համար, թե պարզապես փորձել գոյատևել տնտեսական դժվար պայմաններում։

Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Հայաստանը գրանցել է հետխորհրդային երկրների շրջանում ամենամեծ աճը՝ 1 տարում բարձրանալով 9 հորիզոնականով ու 73,96 միավորով հայտնվելով  34-րդ կետում: Նշվում է, որ չնայած բազմակարծությանը՝ մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված: Ըստ զեկույցի հեղինակների՝ երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, որը սնվում է ներքաղաքական լարվածությունից, երկրի սահմաններին անվտանգության խնդիրներից և Ռուսաստանի և Եվրամիության միջև երկրի բարդ դիրքից:

Տարածաշրջանային հարևաններից Վրաստանը 114-րդն է, Թուրքիան՝ 159-րդը, Ադրբեջանը 164-րդը, Իրանը՝ 176-րդը:

Վարկանիշը գլխավորում են Նորվեգիան, Էստոնիան, Նիդեռլանդները, իսկ եզրափակում՝ Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:

Նմանատիպ նյութեր