211652_close_icon
views-count2818 դիտում article-date 20:00 24-04-2026

Աշխարհի առաջնությանը նոր քաշային կարգում նոր կիլոգրամներով կներկայանամ․ Արա Աղանյան

Այս անգամ էլ այսպես ստացվեց, դարձա Եվրոպայի եռակի փոխչեմպիոն: Աշխարհի առաջնությանը նոր քաշային կարգում նոր կիլոգրամներով կներկայանամ: Խոստումներ չեմ տալիս, մեծ աշխատանքի դեպքում ամեն ինչ հնարավոր է: Այսօր մրցահարթակում ինձ շատ լավ եւ վստահ էի զգում: 

Այսպես իր երրորդ արծաթե մեդալը Եվրոպայի առաջնություններում մեկնաբանեց Արա Աղանյանը: 

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արա Աղանյանը երրորդ անգամ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: 

Եվրոպայի փոխչեմպիոնը երկամարտում գրանցեց 381 կգ արդյունք (175+206)։

«Եվրոպայի առաջնությանը շատ լավ էի պատրաստված, շատ լավ էի ինձ զգում: Մեծ մարզումային փուլ էի անցել թիմի հետ: Խանգարով ոչինչ չունեի մրցահարթակում, վնասվածք չունեի: Այս անգամ եղղավ այսպես, դարձա Եվրոպայի եռակի փոխչեմպիոն: Մարզումների ընթացքում մի փոքր վնասվածք ունեցա, որը ժամանակ խլեց ինձանից մինչեւ ապաքինվելը: Այս կիլոգրամները եւ ավելին բարձրացրել էի: Վերջին մոտեցումը տեխնիկապես սխալ արեցի: Այդ քաշը բարձրացրել էի կարող էի նաեւ հրել 212 կգ: Առջեւում աշխարհի առաջնությունն է, որտեղ արդեն ավելի լավ կիլոգրամներով հանդես կգամ: 

Մրցակցությունը մեծ էր: Նասարի հետ պայքարը նույնպես բարդ էր, բայց մրցահարթակում ինձ շատ վստահ էի զգում: Ես չեմ սիրում խոստումներ տալ, միայն իմ գործով կարող եմ ապացուցել: Աշխարհի առաջնությանն ամեն ինչ պարզ կլինի: Կմարզվեմ, դեռ շատ ամիսներ կան, կպատրաստվեմ: Ամռանը նորից քաշային կարգ է փոխվելու, նոր քաշում ենք հանդես գալու: Կփորձեմ մինչեւ աշխարհի առաջնություն նոր քաշային կարգում հարմարվել եւ նոր կիլոգրամներով հանդես գալ»,- ասաց Արա Աղանյանը: 

Արա Աղանյանը պարգեւատրվեց երկամարտի արծաթե մեդալով, պոկում վարժության արծաթե եւ հրում վարժության բրոնզե մեդալներով: Արա Աղանյանին պարգեւատրեց Վրաստանում Հայաստանի հյուպատոսը, իսկ երկամարտի մեդալները հանձնեց եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն, որն այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է: 

Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց Փարիզ-2024 օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող Կառլոս Նասարը: Երկամարտում նա գրանցեց 386 կգ (176+210): 

Նմանատիպ նյութեր