211652_close_icon
views-count490 դիտում article-date 20:53 14-04-2026

ՌԴ Պետդուման հաստատել է բանակը արտասահմանում օգտագործելու մասին օրինագիծը՝ ռուսաստանցիներին պաշտպանելու համար

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունել են օրինագիծ, որի դրույթները նախագահի որոշմամբ թույլ կտան արտասահմանում զինված ուժեր օգտագործել՝ հետապնդումների ենթարկվող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար, հայտնում է РБК-ն:

Կողմ է քվեարկել 413 պատգամավոր, դեմ կամ ձեռնպահ չեն եղել։

Օրինագիծը ներկայացնող պետ​​քարտուղար-պաշտպանության փոխնախարար Աննա Ցիվիլևան ընդգծել է, որ օրինագիծը նպատակ ունի ստեղծելու իրավական հիմքեր՝ Ռուսաստանի քաղաքացիներին այլ երկրներում «քրեական և այլ հետապնդումներից» պաշտպանելու համար։

Համազեկուցող և պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը նույնպես նշել է, որ դրույթները կօգնեն պաշտպանելու Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև ռուսական կազմակերպությունների իրավունքները «արտաքին անօրինական հարձակումներից»։ Նա նշել է, որ «նմանատիպ» օրենք է ընդունվել Միացյալ Նահանգներում 2002 թվականին՝ «առաջին «Անապատային փոթորիկ» [գործողության] մոտիվներով»։

Կառավարության ներկայացրած օրինագիծը թույլատրում է միջոցներ ձեռնարկել ձերբակալված կա՛մ կալանավորված, կա՛մ օտարերկրյա դատարանների որոշումների համաձայն քրեական կամ այլ հետապնդման ենթարկվող ռուսներին պաշտպանելու համար։ Դա վերաբերում է միայն այն դատական ​​գործողություններին, որոնցում Ռուսաստանը կողմ չէ, և որոնց իրավասությունը հիմնված չէ Ռուսաստանի հետ կնքված միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա։

Կարտապոլովը նախկինում պարզաբանել էր, որ նման դրույթների օրենսդրության մեջ ներմուծումը կկանխի Լեհաստանում ռուս հնագետ Ալեքսանդր Բուտյագինի ձերբակալության նման իրավիճակները։ «Նրան կալանավորում են Լեհաստանում, պահում բանտում, ապա ծրագրում հանձնել Ուկրաինային, որտեղ նրան ոչ մի լավ բան չի սպասում»,- բացատրել է պատգամավորը։ Նա ընդգծել է, որ նախաձեռնության ընդունումն ավտոմատ կերպով չի նշանակում ռազմական ուժի կիրառում. նման լիազորությունների գոյությունը կարող է ազդել օտարերկրյա պետությունների վարքագծի վրա։

Նմանատիպ նյութեր