211652_close_icon
views-count352 դիտում article-date 17:55 09-04-2026

Քննարկվել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերությանն ուղղված նախաձեռնությունները

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:

Նախարար Միրզոյանը ողջույնի խոսքում նշել է․

«Հարգելի´ գործընկերներ,

Երեկ և այսօր առանձնազրույցի ընթացքում մենք քննարկեցինք Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Այժմ ընդլայնված ձևաչափով կշարունակենք մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում մեր երկրների համագործակցության տարբեր ուղղությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ։
Գոհունակությամբ պետք է նշեմ մեր հարաբերություններում արձանագրված դրական և կայուն դինամիկան։ Հագեցած քաղաքական երկխոսությունը, բարձր և բարձրագույն մակարդակներով փոխայցելությունները, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացումը լրացուցիչ խթան են հաղորդել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բազմաոլորտ համագործակցության զարգացմանը։

Իհարկե, պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերությունների զարգացման կարևոր փուլ դարձավ ռազմավարական գործընկերության հաստատումը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը պաշտոնական այց կատարեց Ղազախստան։ Համոզված եմ, որ այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության հետագա խորացման համար և այժմ հետևողականորեն կյանքի են կոչվում։

Գոհունակությամբ արձանագրում ենք մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը՝ կանոնավոր միջգերատեսչական խորհրդակցությունները դիտարկելով որպես գործնական համագործակցության խորացման կարևոր գործիք։

Մեր լայն օրակարգում հատուկ պետք է ընդգծեմ մեկ կարևոր՝ մեր երկու երկրների, տարածաշրջանների տնտեսական զարգացման համար առանցքային ուղղություն՝ փոխկապակցվածությունը: Համոզված եմ, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կենտրոնական Ասիայի և հատկապես Ղազախստանի հետ փոխգործակցության հետևողական զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում։ Այս համատեքստում կարևորում ենք առկա մեխանիզմների արդյունավետ կիրառումը, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և այլ համատեղ ձևաչափերի շրջանակներում։

Հարգելի՛ գործընկերներ,

Օգտվելով առիթից պետք է նշեմ, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին։ Արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։
Ուրախ եմ այս այցի շրջանակներում մտքեր փոխանակել երկարաժամկետ և ինստիտուցիոնալ խաղաղության ամրապնդման հարցերի շուրջ։

Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը, վստահ ենք, համապատասխանում է մեր ժողովուրդների և պետությունների շահերին։

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ, հարգելի՛ գործընկեր»:

Իր հերթին Երմեկ Կոշերբաևն իր խոսքում նշել է⤵️

«Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է։

Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։ Աստանա ՀՀ վարչապետի այցի ընթացքում ստորագրվեց Ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի քայլն անկասկած կամրապնդի մեր հարաբերությունները և նոր էջ կբացի մեր բազմակողմ համագործակցության համար»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը:

 

Նմանատիպ նյութեր