Տարոնիկի ճանապարհը կհիմնանորոգվի. Մեծամորում միլիարդների ծրագրեր են իրականացվում․ Civic News
SHAMSHYAN.com-ի մարտի 26-ի «Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. տարոնիկցիներն ասում են. «Այս անգամ վճռական ենք տրամադրված, մեր համբերության բաժակը լցվել է, կդիմենք ամենածայրահեղ միջոցին» հրապարակումից հետո Civic News-ը տեսանյութ է հրապարակել Արմավիրի մարզի Տարոնիկ բնակավայրի բնակիչների կողմից իրականացված բողոքի ակցիայի մասին, որտեղ համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը անդրադառնում խնդրահարույց ճանապարհի հիմնանորոգմանը։
Ինչպես ավելի վաղը հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ մարտի 26-ին, հերթական լարված իրավիճակն էր ստեղծվել Արմավիրի մարզում։
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տարոնիկ բնակավայրի բնակիչները, կարելի է ասել՝ ամբողջ գյուղը, ի նշան բողոքի գյուղից շարժվում են դեպի Երևան-Արմավիր գլխավոր ճանապարհ, որպեսզի իրականացնեն իրենց բողոքի ակցիան։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Մարտի 15-ին էր, որ ուզում էինք նույն գործողությունն իրականացնել, այն է գյուղի մոտ 1 կիլոմետրանոց անբարեկարգ ճանապարհի պատճառով այդ օրը ցանկություն էր առաջացել ամբողջ գյուղով պարալիզացնեինք գլխավոր ճանապարհը,։ Մեր ու մանուկ, ահել-ջահել, կին-տղամարդ դուրս էինք եկել ու արդեն պիտի ճանապարհը փակեինք, բայց վերջին պահին հրաժարվեցինք դիմել այդ ծայրահեղ միջոցին, քանի որ մեզ խոստացան, որ խնդիրը կլուծվի։ Խնդիր, որը 30 տարվա պատմություն ունի։
Հիմա մեզ կմեղադրեն, թե բա ինչի 30 տարի չէիք բարձրաձայնում խնդրի մասին։ Միշտ էլ բարձրաձայնել ենք, թե՛ նախորդ իշխանություններին, թե՛ ներկա, թե՛ բանավոր, թե՛ գրավոր, ու բոլորն էլ ամեն անգամ խոստացել են, որ ի շահ բնակչի ասֆալտապատումը կարվի, բայց հայտնի ֆիլմի հայտնի Գիքորի նման՝ օրերը մթնել, անց են կացել, բայց էս խնդիրը չի լուծվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 15-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին գյուղի կենտրոնական փողոցի սկզբնամասում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու փողոցի անմխիթար և անբարեկարգ վիճակի դեմ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ արդեն շուրջ 6 տարի շարունակ բարձրաձայնում են նույն խնդրի մասին, սակայն մինչ օրս որևէ իրական լուծում չեն տեսնում։
Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի անմխիթար վիճակը արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում նաև առողջապահական և այլ ծառայությունների համար։
«Եղել են դեպքեր, երբ շտապօգնության մեքենաները պարզապես չեն եկել գյուղ՝ իմանալով ճանապարհի վիճակը։ Ստիպված ենք եղել հիվանդներին մեր մեքենաներով տեղափոխել մինչև այն հատվածը, որտեղ շտապօգնությունը կարող է հասնել և այնտեղից արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Նույն իրավիճակն է նաև տաքսիների դեպքում․ շատերը պարզապես հրաժարվում են գալ»,– պատմում էին նրանք։
Բնակիչները նշում էին, որ փողոցը լի է մեծ ու փոքր փոսերով, որոնք որոշ հատվածներում արդեն խրամատներ են հիշեցնում։ Նրանց խոսքով՝ ճանապարհը այնքան վատ վիճակում է, որ մեքենաներով անցնելը դարձել է իսկական փորձություն։
Տարոնիկի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին և համապատասխան հանձնարարականներ տալ, որպեսզի վերջապես լուծում տրվի բնակիչներին հուզող այս կարևոր հարցին։
Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի