211652_close_icon
views-count739 դիտում article-date 19:40 29-03-2026

Եգիպտոսում մերձավորարևելյան հակամարտության պատճառով խանութներն ու ռեստորաններն ավելի վաղ կփակվեն

Եգիպտոսում խանութներին, ռեստորաններին և սրճարաններին հրահանգվել է ավելի վաղ փակվել։ Սա էներգակիրների գների կտրուկ աճի դեմ պայքարի ժամանակավոր միջոցառումների մի մասն է, որն առաջացել է Իրանում ընթացող պատերազմի պատճառով. հայտնում է BBC News-ը:

Առևտրի կետերն ու ռեստորանները շաբաթ օրվանից սկսած մեկ ամիս շարունակ պետք է փակվեն ամեն երեկո մինչև տեղական ժամանակով 21:00-ն (Գրինվիչի ժամանակով 19:00-ն):
Եգիպտոսի կառավարության սահմանած բացառիկ միջոցառումները ներառում են նաև փողոցային լուսավորության և ճանապարհամերձ գովազդների մթնեցումը, ինչպես նաև ապրիլին շաբաթական ընդամենը մեկ աշխատանքային օրվա սահմանումը։

Եգիպտոսը հատկապես է տուժել մերձավորարևելյան հակամարտությունից և Հորմուզի նեղուցի՝ նավթի ու հեղուկացված բնական գազի տեղափոխման առանցքային երթուղու շրջափակումից։ Այն բանից հետո, երբ ջրային ուղով մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարել են, նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են: Սա մտավախություն է առաջացրել, որ խնդրի չլուծման դեպքում կարող են թանկանալ սննդամթերքը, դեղորայքը և այլ ապրանքներ։

Չնայած Եգիպտոսը չի մասնակցում պատերազմին, ներկրվող վառելիքից կախվածությունը երկիրը խոցելի է դարձրել մատակարարման ընդհատումների նկատմամբ։

Ըստ Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլիի, միայն բենզինի ծախսերը հունվարից սկսած ավելի քան կրկնապատկվել են՝ մարտին հասնելով 2,5 միլիարդ դոլարի։

Կառավարությունը հայտնել է, որ հյուրանոցներն ու զբոսաշրջային վայրերն ազատված կլինեն էներգախնայողության միջոցառումներից։

Ըստ գնահատականների, զբոսաշրջությունը կազմում է Եգիպտոսի տնտեսության մոտ մեկ տասներորդը:

Նմանատիպ նյութեր