211652_close_icon
views-count574 դիտում article-date 17:37 13-03-2026

Առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. Վլադիմիր Վարդանյան

Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում։ Նա գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ նշելով, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը:
 
«Շնորհակալություն եմ հայտնում նման բարձր վստահության համար։
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը և΄ պատվաբեր, և΄ չափազանց պատասխանատու է, այդ իսկ պատճառով նման որոշման կայացումը իմ կյանքի ամենահեշտ որոշումներից չի եղել։ Բարձր առաջարկին համաձայնվել եմ այն գիտակցությամբ, որ թե΄ մասնագիտական և թե΄ ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման և զարգացման գործին։
 
Մասնագիտական աշխատանքս սկսել եմ Սահմանադրական դատարանի աշխատակազմում։ Ծառայության առավել քան 15 տարիների ընթացքում անցել եմ ճանապարհ՝ գլխավոր մասնագետից մինչ աշխատակազմի ղեկավար։
 
2019 թ․ սկսած՝ ձեր կողմից տրված քվեով պատգամավոր ընտրվելուց և 2021 թ․ վերընտրվելուց հետո, իրականացրել եմ օրենսդիր գործունեություն՝ զբաղեցնելով
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
 
Վստահ եմ՝ հնարավորություն ունեցել եք հետևելու թե΄ իմ ելույթներին, թե΄ իմ գործունեությանը, որի առանցքում մշտապես գտնվել և գտնվելու են սահմանադրականության, իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության արժեքները։ Հավատացնում եմ ձեզ, որ նշված արժեքներով առաջնորդվելու եմ նաև Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու պարագայում։
 
Այս ընթացքում հետևել եք նաև իմ գործունեությանը միջազգային հարթակներում, որտեղ ես մշտապես հանդես եմ եկել իրավունքի գերակայության սկզբունքը խստորեն պահպանելու հրամայականի դիրքերից և, համոզված եմ, որ նոր կարգավիճակում ևս առավել արդյունավետ գործունեություն կիարանացնեմ միջազգային հարթակներում` ի նպաստ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին։
 
ժողովրդավարական արժեքների, սահմանադրական արժեբանության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ու հավատամքն ուղեկցել են ինձ մասնագիտական գործունեությանս ամբողջ ընթացքում՝, անկախ զբաղեցրած պաշտոնից՝ մշտապես լինելով ուղեցույց ամենախրթին իրավիճակներում կողմնորոշվելու համար։
 
Տեղեկացնում եմ նաև, որ, առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ նաև խորհրդարանական գործունեությունս։
 
Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ երախտիքիս խոսքը ուղղել բոլորիդ՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած վստահության և աջակցության համար։
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվոլու պարագայում խոստանում եմ լինել անկախ, անաչառ, զերծ որևէ ազդեցությունից ու քաղաքական որևէ նախասիրությունից՝ առաջնորդվելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր