211652_close_icon
views-count1351 դիտում article-date 22:57 12-03-2026

Եթե ճանապարհի մի հատվածը հանձնվի, Տավուշի 20 գյուղ կարող է մեկուսանալ. Կիրանցում անհանգիստ են․ Փաստինֆո

Տավուշի մարզի սահմանամերձ դարձած գյուղերում՝ Կիրանցում և Ոսկեպարում, բնակիչների շրջանում կասկածներ կան, որ սահմանազատման գործընթացը ամբողջությամբ չի ավարտվել՝ առաջիկա ընտրությունների պատճառով։ Մասնավորապես նշվում է, որ Կիրանցի լճի հատվածում սահմանազատում չի իրականացվել, իսկ նախատեսված մյուս հատվածներում աշխատանքները չեն շարունակվել։ Խոսքը վերաբերում է նաև մտահոգություն առաջացնող հատվածին՝ միջպետական ճանապարհին, որը սահմանով հատվելու դեպքում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։

Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Անդրանիկ Նազարյանը՝ նշելով, որ մինչ այժմ հստակ չեն ներկայացրել ճանապարհների հարցը և չեն պարզաբանել, թե ինչ լուծում է նախատեսվում։

«Կասկած կա, որ սահմանազատումը կիսատ են թողել։ Կիրանցի լճի մոտ չեն սահմանազատել, մնացած նախատեսված հատվածը նույնպես չեն շարունակել։ Ճանապարհի հարցն էլ չեն բացատրել՝ ինչպես է լինելու, որովհետև եթե մինչև ընտրությունները դա անեն, իրենց՝ իշխանությունների օգտին չի լինելու։ Մենք արդեն այդ փորձն ունեցել ենք՝ ինչպես մեր գլխին օյին բերեցին Կիրանցում։ Մի քանի հանդիպումներ էինք ունեցել, բայց մինչև վերջ չէին ասում, որ սահմանը գյուղի միջով են տանելու։ Հիմա էլ, այդ փորձից ելնելով, կասկածում ենք, որ մի բան հանձնելու են՝ ոչ մեր օգտին, պարզապես դա չեն անում մինչև ընտրությունները», — ասաց Նազարյանը։

Նրա խոսքով՝ եթե Google-ի քարտեզներով ցույց տրված տարբերակով ճանապարհի մի հատվածը հանձնվի և անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա Տավուշի շուրջ 20 գյուղ կարող է մեկուսանալ։

«Եթե, ինչպես Google-ում է ցույց տրված, ճանապարհի մի մասը կտրվի և անցնի Ադրբեջանին, Տավուշի մի շարք գյուղեր կարող են փաստացի մեկուսանալ։ Այդ դեպքում մարդիկ ստիպված կլինեն մարզկենտրոն հասնելու համար օգտվել այլընտրանքային ճանապարհից՝ անցնելով մոտ 100 կիլոմետր։ Հիմա մարդիկ անցնում են մոտ 30 կիլոմետր, իսկ այդ դեպքում ստիպված կլինեն շուրջ 100 կիլոմետր, այն էլ՝ լեռնային ճանապարհով», — նշեց Կիրանցի բնակիչը։

Նրա փոխանցմամբ՝ այդ լեռնային ճանապարհին առայժմ միայն գրունտային աշխատանքներ են իրականացվել, և այն դասական իմաստով ճանապարհ անվանել դժվար է։
Նազարյանի խոսքով՝ լեռնային ճանապարհը հատկապես ձմռանը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել։
«Լեռնային ճանապարհը նշանակում է, որ ձմռանը մեծ դժվարություններ են լինելու։ Երբ ձյուն գա, պարզ չէ՝ կկարողանա՞ն արդյոք այդ ճանապարհը պատշաճ սպասարկել, որպեսզի մարդիկ չկտրվեն հրատապ խնդիրներից՝ լինի առողջապահական հարց, թե այլ անհրաժեշտություն», — ասաց նա։

Անդրանիկ Նազարյանը անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Կիրանցը դարձել է խաղաղության խորհրդանիշ։

«Ստրասբուրգում ասել էր, թե Կիրանցը դարձել է խաղաղության սիմվոլ, հյուրեր են բերում, ցույց տալիս սահմանազատված հատվածը, ճանապարհը, դպրոցը։ Բայց ես ընդամենը մի անգամ եմ տեսել, որ ավտոբուսներով մի խումբ մտավորականներ բերեցին։ Եկան, Աճարկուտ գյուղի հանդիսությունների սրահում նստեցին, պատը նայեցին ու գնացին։ Իսկ թե Կիրանցը իրականում ինչ գին ունի այդ խաղաղության համար, դա միայն Կիրանցի բնակիչները գիտեն», — ասաց նա։

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ Նազարյանը նշեց, որ դժվար է կանխատեսել, թե ինչ ընտրություն կանեն Կիրանցի բնակիչները։

«Կիրանցի բնակիչներն այնքան են վառված Փաշինյանի իշխանության ստերից, որ հիմա դժվար է ասել՝ ընտրությունների ժամանակ ինչ որոշում կընդունեն մարդիկ։ Բայց կարծում եմ՝ իրենց դժվար ընտրեն», — եզրափակեց նա։

Նմանատիպ նյութեր