211652_close_icon
views-count340 դիտում article-date 20:28 09-03-2026

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների նախաձեռնած հեռավար հանդիպմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը, որի ընթացքում տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի և հանգուցալուծման հնարավորությունների շուրջ՝ կարևորելով դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը մտահոգությամբ է հետևում տարածաշրջանում զարգացող իրադարձություններին՝ հատկապես հաշվի առնելով, որ իրավիճակում ներգրավված են Հայաստանի համար բարեկամ և գործընկեր մի շարք երկրներ։

Վարչապետը կարևորել է լարվածության նվազեցմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով ճգնաժամի հնարավորինս շուտ հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղությանը և կայունությանը միտված բոլոր կառուցողական նախաձեռնություններին։

Նմանատիպ նյութեր