211652_close_icon
views-count2419 դիտում article-date 12:11 04-03-2026

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

Այսօր հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց, որ արձանագրվել է նոր ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ ներկայացնելով արբանյակային լուսանկարներով հաստատված տվյալներ։

Թաթոյանը նշեց՝ խոսքը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածին։

«Նոր ներխուժում է եղել ՀՀ տարածք։ Սրանք բոլորը օբյեկտիվ ապացույցներ են՝ հաստատված արբանյակային լուսանկարներով։ Առաջինը կներկայացնեմ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Վարդենիսում տեղի ունեցածը»,- ասաց նա։

Նրա ներկայացմամբ՝ ադրբեջանական կողմը Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայել է նոր մարտական դիրք, որը, ըստ արբանյակային տվյալների, մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը գոյություն չի ունեցել։

«Այս դիրքը տեղակայվել է Հայաստանի Հանրապետության տարածքից ներս։ Ըստ արբանյակային լուսանկարների՝ մինչև հուլիսի 31-ը այն գոյություն չի ունեցել, իսկ արդեն օգոստոսի 19-ի դրությամբ մենք տեսնում ենք դրա առկայությունը»,- նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ նոր դիրքը նախատեսված է մարտական հերթապահության համար և հագեցած է տարբեր զինատեսակների կիրառման ենթակառուցվածքներով։

«Խոսքը վերաբերում է նռնականետերի, ականանետերի, այդ թվում՝ 60 մմ-անոց ականանետերի համար նախատեսված կրակային դիրքերի, ինչպես նաև հրաձգային հատուկ կետերի մասին։ Տեսնում ենք ամրացման աշխատանքներ, կոմունիկացիաներ, անգամ արևային պանելներ»,- ասաց նա։

Թաթոյանը հատուկ ընդգծեց, որ նոր դիրքից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Սոթքի ոսկու հանքավայրը, որը գտնվում է մոտ 4 կմ հեռավորության վրա։ Բացի այդ, նրա ներկայացմամբ, նույն դիրքից վերահսկողության տակ են հայտնվել Վարդենիս համայնքի շուրջ ութ գյուղ, արոտավայրեր, վարելահողեր և խոտհարքներ․ որոշ հատվածներում հեռավորությունը ընդամենը 2 կմ է, որը լուրջ սպառնալիք է քաղաքացիական բնակչության համար։

Նա նաև մատնանշեց, որ դիրքը գտնվում է Հայաստանի տարածքում գործող ճանապարհից ընդամենը մոտ 200 մետր հեռավորության վրա։

«Այս դիրքի տեղակայմամբ նրանք ոչ միայն թիրախի տակ են պահում մեր քաղաքացիական բնակավայրերը, այլ նաև մեր զինվորականներին։ Ակնհայտ է, որ ուղիղ վտանգի տակ են նաև մեր զինծառայողների կյանքերը»,- հայտարարեց նա։

Թաթոյանի խոսքով՝ հարակից հատվածներում ադրբեջանական ուժերը կառուցել են նաև ճանապարհներ՝ օպերատիվ, մարտավարական և ռազմավարական նշանակության կոմունիկացիաներ, որոնք բարելավում են նրանց շարժունակությունն ու ամրապնդում ներկայությունը Հայաստանի տարածքում․ «Մենք արբանյակային լուսանկարներով տեսնում ենք նոր կառուցված ճանապարհներ դեպի իրենց դիրքեր։ Սա համակարգված ամրապնդման գործընթաց է»։

Նմանատիպ նյութեր