211652_close_icon

«Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն՝ Գյումրիում. բժիշկներին հաջողվել է փրկել վիրավորի կյանքը, կասկածյալին էլ որոնում են

views-count2614 դիտում article-date 11:35 21-02-2026
Երեկ՝ փետրվարի 20-ին, «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այդ պահին չի կարող դեպքի մասին մանրամասներ հայտնել։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, քրեական ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Ժորա Հ.-ն է, իսկ նրա հետ վիճաբանել և նրան դանակի մի քանի հարված է հասցրել Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Խաչատուր Մ.-ն։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքից միայն մեկ ժամ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնից՝ բաժնի պետ Ալեքսան Նորսոյանի գլխավորությամբ, ժամանել են դեպքի վայր, բայց արդեն քրեական ոստիկաններն ու պարեկները ճշտել էին նաև, թե ինչն է եղել վիճաբանություն դանակահարության պատճառը, որը կապված է եղել ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով կասկածյալն այս պահին որոնվում է։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր