211652_close_icon

Ծնողները «գողոնը» խորհրդանշող մթերքներ նետեցին կոռուպցիոն գործով անցնող մանկապարտեզի տնօրենի դռան մոտ․ News.am

views-count778 դիտում article-date 20:44 20-02-2026
Աղմկահարույց չարաշահումների, այդ թվում երեխաներին հատկացված սննդի հափշտակության և աշխատավարձերի յուրացումների գործով անցնող Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի նախկին պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանին, ով Շենգավիթի ՔՊ-ական թաղապետ Տիգրան Գաբրիելյանի կարգադրությամբ այսօր  վերանշանակվել է նախկին պաշտոնին, պատրաստ է ազատման դիմում դրել, եթե Հակակոռուպցիոն կոմիտեն իրեն մեղադրանք ներկայացնի:

Այս մասին Ռուզաննա Դանիելյանը հայտարարել է այսօր՝ փետրվարի 20-ին, մանկապարտեզի երեխաների ծնողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ մանկապարտեզի սաների մի շարք ծնողներ, տեղեկանալով Դանիելյանի վերանշանակման մասին, ի նշան բողոքի, տոպրակներով սննդամթերք են բերել և նետել Ռուզաննա Դանիելյանի աշխատասենյակի դռան առաջ: Բողոքի ակցիայի մասնակից ծնողները NEWS.am-ին հայտնեցին, որ ցանկացել են անձամբ տնօրենին «հանձնել» իր պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզի նկուղից հայտնաբերված և երեխաներից գողացված սնունդը խորհրդանշող մթերքները:

Այդ ընթացքում վիճաբանություն և հրմշտոց սկսվեց Ռուզաննա Դանիելյանին ուղեկցող տղամարդու և ծնողների միջև: Ծնողների հարցին, թե ո՞վ է այդ մարդը և ի՞նչ գործ ունի ներսում մանկապարտեզի աշխատանքային ժամին օտար տղամարդը և ի՞նչ իրավունք ունի ծնողների վրա բղավելու, Դանիելյանը չնշեց՝ հրաժարվելով տեսախցիկների առջև խոսել: Փակ հանդիպումից հետո ծնողները NEWS.am-ին պատմեցին, որ Դանիելյանին քաղաքավարի բացատրել են, որ այլևս չեն վստահում նրան և չեն ցանկանում, որ նման սկանդալային պատմություններից հետո հեղինակազրկված մանկավարժը զբաղվի իրենց երեխաների դաստիարակությամբ: Դանիելյանն էլ իր հերթին ծնողների մոտ մեղադրել է մանկապարտեզի աշխատակիցներին՝ իր գլխին սարքելու համար, մեղադրել Շենգավիթ վարչական շրջանի գործող թաղապետին իրեն ուշ նշանակելու, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիաննա Գասպարյանին՝ նախկինում կոնկրետ աշխատակցի հաստիքի նշանակելու հարցում իրեն պարտադրելու, իսկ նախկին թաղապետին՝ իր պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզում բացահայտված հնարավոր չարաշահումների մասին ոստիկանությանը չհայտնելու համար: Ռուզաննա Դանիելյանը հայտարարեց, որ պաշտոնից կազատվի միայն այն դեպքում, երբ իրեն մեղադրանք առաջադրեն:

Հիշեցնենք, որ այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական վարույթ՝ Ռ. Դանիելյանի կողմից կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով գույք հափշտակելու հոդվածներով։

Այս գործով Ռուզաննա Դանիելյանի դեմ հաղորդում են ներկայացրել մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ։ Թե ինչ կարգավիճակ ունի նա այս պահին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի հայտնել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր